Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված անձանցից 3-ի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետի և դպրոցի տնօրեններից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը: Այս մասին NEWS.am—ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Մնացած մեղադրյալների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ նախօրեին ձերբակալվել էին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, ինչպես նաև դպրոցների տնօրեններ: Նշված վարչության պետը, որը ըստ մամուլի հրապարակումների, Կարեն Զազյանն է, մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար։
Կարեն Զազյանը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնում նշանակվել է դեռևս 2018 թվականի մարտի 30-ին և այդ պաշտոնը զբաղեցնում է ավելի քան ութ տարի։
Ըստ «Ժողովուրդ» թերթի՝ Զազյանը Գավառում բավական ազդեցիկ կապեր ունեցող պաշտոնյա է։ Նրա հարազատ քույրը՝ Լարիզա Զազյանը, եղել է Գավառի հատուկ դպրոցի տնօրեն, իսկ նրա աներորդին ՀՀ աշխատանք և առողջապահական տեսչական մարմնի մարզային կառույցի ղեկավարն է։
Զազյանի անունը, ըստ Գավառից ստացված տեղեկությունների, կապվում է նաև քաղաքում գործող գրախանութի հետ, որը աշխատեցրել է նրա մայրը, և բոլորը գիտեն, որ կրթական աքսեսուարները պետք է գնել այդ խանութից։
Կարեն Զազյանի պաշտոնավարման պատմության մեջ ուշագրավ է նաև նրա կապը մարզպետարանի Կրթության վարչության նախկին պետ Գարիկ Բադալյանի հետ։ Զազյանը Բադալյանի սանիկն է և հետագայում զբաղեցրել է քավոր Բադալյանի պաշտոնը։





























