Ռուսաստանում վառելիքային ճգնաժամի ֆոնին օդանավակայանները սկսել են զանգվածաբար սահմանափակումներ մտցնել ինքնաթիռների լիցքավորման հարցում։ Նման միջոցներ են ձեռնարկվել Կալինինգրադից մինչև Պետրոպավլովսկ-Կամչատսկի ընկած 26 ավիահանգույցներում, հետևում է աերոնավիգացիոն տեղեկատվության համակարգի տվյալներից, որոնք վերլուծել է «Վյորստկան»։ Առաջին սահմանափակումները սահմանվել էին դեռ հունիսին, իսկ երկրորդ ալիքը բաժին է ընկել սեպտեմբերին։ Դրանց գործողության ժամկետները մեկ ամսից մինչև գրեթե յոթ ամիս է՝ կախված օդանավակայանից։
Այսպես, օրինակ, Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում մինչև 2027 թվականի մարտը լիցքավորումը հնարավոր է միայն թռիչքային պլանին համապատասխան՝ առանց հավելյալ ծավալների։ Լիցքավորման նույն կարգն է սահմանված նաև Կալինինգրադի «Խրաբրովո» օդանավակայանում (մինչև դեկտեմբեր)։ 26 օդանավակայաններից 15-ում սահմանափակումները վերաբերում են միայն օտարերկրյա ավիափոխադրողներին։ «Օտարերկրյա ընկերությունների ինքնաթիռների լիցքավորումը սահմանափակված է մեկ թռիչքի համար անհրաժեշտ ծավալով», — ասված է ծանուցումներում։ Մասնավորապես, նման լիմիտներ գործում են նաև Կազանի, Ուֆայի, Պերմի, Եկատերինբուրգի, Չելյաբինսկի, Տյումենի, Իրկուտսկի, Վլադիվոստոկի, Խաբարովսկի, Յակուտսկի և այլ օդանավակայաններում։
Ամենավատ վիճակը Ռուսաստանի հարավում է, որտեղ օդանավակայանների մի մասը փակ է պատերազմի պատճառով։ Վեց գործող օդային հանգույցներից երեքում՝ Սոչիում, Վոլգոգրադում և Աստրախանում, լիցքավորման սահմանափակումներ են սահմանվել ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա փոխադրողների համար։ Միայն օտարերկրյա ընկերությունների համար՝ Կրասնոդարում։
Վառելիքային ճգնաժամը Ռուսաստանում սրվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից նավթավերամշակման գործարաններին (ՆՎԳ) հասցված հարվածների հետևանքով։ Տարվա սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) ավելի քան 70 անգամ հարվածել են ռուսական նավթավերամշակման գործարաններին և շարքից հանել դրանցից խոշորագույնները։ Արդյունքում նավթավերամշակումը նվազել է մինչև 2002 թվականից ի վեր ամենացածր մակարդակը։
Կառավարությունը մինչև նոյեմբերի 30-ը արգելք է մտցրել ավիացիոն վառելիքի արտահանման վրա։ Չնայած դրան՝ հունիսի վերջին «Ազիմուտ» ավիաընկերությունը հայտարարում էր կերոսինի հետ կապված կրիտիկական իրավիճակի մասին։ Տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինն իր հերթին պնդում էր, որ երկրում ավիացիայի համար վառելիքի պակաս չկա։ Դրանից հետո տրանսպորտի նախարարությունն առաջարկել է նվազեցնել ավիացիոն կերոսինի որակի պահանջները՝ դրա արտադրությունը մեծացնելու համար։ Միաժամանակ ինքնաթիռների վառելիքի արժեքը պատմական ռեկորդ է սահմանել բորսայում։
Open Oil Market-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Տերեշկինը նշել էր, որ երկրում ավիացիոն կերոսին արտադրող նավթավերամշակման գործարանների թիվն ավելի քիչ է, քան բենզին և դիզելային վառելիք արտադրող գործարաններինը։ Միևնույն ժամանակ ավիավառելիքի առաջարկի ծավալը դժվար է մեծացնել ներմուծման և որակի նվազեցման հաշվին՝ խիստ մասնագրերի պատճառով, ասում էր «Ֆինամ մենեջմենթ» կառավարման ընկերության ներկայացուցիչ Դմիտրի Բարանովը։ Փորձագետները կանխատեսում էին ավիացիոն կերոսինի գների աճ մինչև նավթավերամշակման գործարանների վերանորոգումների ավարտը։



























