Երկրի արևմտյան ափին Եմենի կառավարական ուժերի և հութիների շարժման միջև բախումների ընթացքում վերջին մեկ ամսում երկու կողմից մարտական գործողությունների ավելի քան 1,5 հազար մասնակից է զոհվել։ Եվս հազարավոր մարդիկ վիրավորվել են, հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով եմենյան աղբյուրների տվյալներին։

Aljoumhouriya TV հեռուստաալիքի տվյալներով, օգոստոսի 9-ից սեպտեմբերի 10-ը զոհվել է կառավարությանը աջակցող Ազգային դիմադրության ուժերի ավելի քան 500 մարտիկ, ևս շուրջ 1,5 հազարը վիրավորվել է։ Այս տեղեկությունները ներկայացվել են՝ հղում անելով հենց մարտերին մասնակցող ուժերի հայտարարությանը։

Նրանց տվյալներով,՝ նույն ժամանակահատվածում զոհվել է հութիների շարժման ավելի քան 1 հազար մարտիկ, ևս մի քանի հազար մարդ վիրավորվել է։

Եմենի արևմտյան ափին ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվում են։ Հութիները փորձում են առաջանալ միջազգային ճանաչում ունեցող կառավարության երկու հիմնական հենակետերի ուղղությամբ՝ երկրի հարավում և հյուսիսում։

Հակամարտության կողմերը պարբերաբար հայտնում են հակառակորդի կորուստների մասին, սակայն նման տվյալների անկախ ստուգումը դժվարացած է շարունակվող մարտական գործողությունների և բախումների շրջաններ սահմանափակ հասանելիության պատճառով։