Հուլիսի 15-ի տվյալների համաձայն, Հայաստանում վերամշակող ձեռնարկությունները մթերել են 2859 տոննա ծիրան, իսկ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 6100 տոննա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուլիսի 17-ին ասել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Նրա խոսքով, ծիրանի մթերումն իրականացվում է բոլոր մարզերում, որն իրականացնում են Արարատի մարզի «Բորոդինո», «Արտֆուդ» ընկերությունները, «Ավշար» ձեռնարկությունը, «Նոյանը», Արավիրում` «ՄԱՊ» ձեռնարկությունն ու այլ անհատ ձեռներեցներ:
Փոխնախարարի փոխանցմամբ, ի տարբերություն անցյալ տարվա մթերման արդյունքների` այս տարի որոշ կազմակերպություններ ծիրան մթերում են նաեւ ծիրանի օղի արտադրելու համար: Եթե նախկինում ծիրանի օղի պատրաստելու համար մթերման ծավալները շատ փոքր էին, ապա այս տարի դրանք անհամեմատ ավելացել են, ինչն, ըստ, Ս. Գալստյանի, նպաստում է ծիրանի վայրի տեսակների աճեցումը: Նա նշել է նաեւ, որ ծիրանի մթերումն իրականացվում է 45-50 դրամի սահմաններում:


























