Ռուսաստանն արագ կվերջացնի Եվրոպայի հետ ուղիղ պատերազմի սկսվելու դեպքում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա հավաստիացրել է, որ Մոսկվան նման ագրեսիվ ծրագրեր չունի, սակայն նշել է, որ «եթե Եվրոպան, որը ամեն օր խոսում է Ռուսաստանի դեմ պատերազմի պատրաստվելու մասին, հարձակվի, ապա դա արդեն բոլորովին այլ պատերազմ կլինի, և այն շատ կարճ կտևի»։ Լավրովը հույս է հայտնել, որ այս նախազգուշացումը կլսեն «եվրոպական մայրաքաղաքներում» և այն կառույցներում, որոնք «փորձում են ներկայացնել» միասնական Եվրոպան։
Լավրովը հայտարարել է նաև, որ երբ ԵՄ երկրները ցանկանան վերսկսել «լուրջ երկխոսությունը», Ռուսաստանը կլսի, «թե ինչ կա նրանց մտքում, ինչ կարող են առաջարկել», իսկ հետո կորոշի՝ դա իրեն ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ։ «Կարող եմ միայն մեկ բան երաշխավորել. այն ոլորտներում, որոնցից կախված է պետության անվտանգությունը, մենք եվրոպացիների հետ որևէ պայմանագիր, որևէ համաձայնավորվածություն չենք կնքի և չենք էլ պատրաստվում»,- ասել է նա։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ չի ծրագրում հարձակվել եվրոպական երկրների վրա, սակայն չէր բացառել պատերազմը, եթե նրանք զորքեր մտցնեն Ուկրաինա։
Վերջին ամիսներին Եվրոպայում ավելի ու ավելի հաճախ են հնչում մտահոգություններ, որ Ռուսաստանը կարող է ներխուժել ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրներից մեկը, օրինակ՝ Լիտվա, Լատվիա կամ Էստոնիա։ Միաժամանակ Լավրովն ինքն էր հայտարարել «Գերմանիայի հետ իրական պատերազմի սկսվելու» մասին՝ Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի մեղադրանքներից հետո, որտեղ պայթուցիկներով մի քանի անօդաչու սարքեր էին հայտնաբերվել։
Նա ընդգծել էր նաև, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև բնականոն հարաբերություններ չեն լինի առնվազն ներկա սերունդների կյանքի ընթացքում, և նշել էր, որ Ուկրաինան դիտարկվում է որպես ապագա եվրոպական զինված ուժերի «հարվածային բռունցք»։ «Այդպիսի իրավիճակը լուրջ ռիսկեր է պարունակում գլոբալ անվտանգության համար, քանի որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ բախումը կարող է արագ վերածվել միջուկային հարվածների փոխանակման՝ աղետալի հետևանքներով»,- նախազգուշացրել էր Լավրովը։
Իր հերթին Պուտինի օգնական Նիկոլայ Պատրուշևը սեպտեմբերի 15-ին նախազգուշացրել էր Լեհաստանին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնելուց՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում «լեհական պետականությունը երկու-երեք օրվա ընթացքում կդադարի գոյություն ունենալ»։ Նման կերպ Պատրուշևը պատասխանել էր Ռուսաստանի նկատմամբ Լեհաստանի և նրա դաշնակիցների ռազմական գերազանցության մասին երկրի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հայտարարություններին։




























