Անապահովության նպաստի ուշացումներ մենք, որպես այդպիսին չունենք, բայց ունենք հուլիսի 1–ից ներդրված նոր համակարգ, որը պիլոտավորվել է երկու մարսում՝ Սյունիքում և Կոտայքում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ սոցիալական հարցերի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կան ահազանգեր, որ անապահովության նպաստը նշանակվել է, բայց մարդիկ ամիսներով չեն ստացել, արդյոք նպաստը փոխանցվելու է, թե ոչ, եթե այո, ապա ինչ ժամկետներում։
«Դա այլ տրամաբանություն ունի, նշանակվում է էլեկտրոնային համակարգով, ստուգվում են բազմաթիվ թվային բազաներ և միայն համապատասխանության դեպքում է նշանակվում։ Նշանակվելու դեպքում վճարվում են ժամանակին։ Եթե անհատական դեպքեր կան, որ չեն նշանակվել, ապա նրանք չեն համապատասխանել նոր կարգին։ Եթե դուք գիտեք մի դեպք, որ նպաստը նշանակվել է, բայց չի փոխանցվել, խնդրում եմինձ հայտնեք, ես դրանով կզբաղվեմ»,–ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է նրան, որ երեխայի նպաստները շատերը կիսատ են ստացել, Թորոսյանն ասաց. «Այո, մենք մի խնդիր ունենք երեք խոշորացված համայնքների հետ՝ Գորիս, Ստեփանավան և Եղեգնաձոր։ Քանի որ մեր կարգավորումներով գյուղական համայնքներում կանայք ավելի մեծ նպաստ են ստանում, խոշորացման ժամանակ մեր բնակչության ռեգիստրում այդ գյուղ–քաղաք չափանիշը բնակավայրի փոխվել է և որոշ մեր քաղաքացիներ, մոտ 500 հոգի, ավելի պակաս չափով են ստացել նպաստը։ Մենք հիմա դա ուղղում ենք և մոտ օրերս կփոխանցենք պակաս մասը»։




























