Իրանական Iran Air ավիաընկերությունը հայտարարել է, որ շարունակում է ըստ ժամանակացույցի իրականացնել թռիչքներ դեպի Ստամբուլ, Բաքու և Նաջաֆ, քանի որ Թուրքիայի, Ադրբեջանի կամ Իրաքի ավիացիոն իշխանություններից թռիչքների դադարեցման վերաբերյալ պաշտոնական ծանուցումներ չի ստացել, հաղորդում է Tasnim-ը։

Երեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ ավիաընկերությունը հայտնել է, որ մինչ այժմ այդ ուղղություններով թռիչքները դադարեցնելու կամ չեղարկելու վերաբերյալ որևէ կարգադրություն կամ ցուցում չի ստացել։ Iran Air-ում ընդգծել են, որ թռիչքների իրականացման թույլտվությունների կամ պայմանների փոփոխության դեպքում համապատասխան տեղեկությունը պաշտոնապես կհաղորդվի փոխադրողին։

«Ելնելով ներկա իրավիճակից և մինչև որևէ պաշտոնական ծանուցում ստանալը՝ այդ ուղղություններով թռիչքների ժամանակացույցը կշարունակվի սովորական ռեժիմով»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։

Iran Air-ի հայտարարությունը հնչել է իրանական ավիացիոն ոլորտի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների ֆոնին։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը սեպտեմբերի 21-ին հայտարարել է, որ սեպտեմբերի 23-ից իրանական առևտրային ավիաընկերությունների գործունեությունը արտերկրում պետք է փաստացի դադարեցվի։ Ըստ Նրա՝ օտարերկրյա ընկերությունները, որոնք կլիցքավորեն իրանական ինքնաթիռները, օդանավակայաններում ծառայություններ կմատուցեն կամ չվերթների տոմսեր կվաճառեն նրանց , վտանգում են կորցնել ամերիկյան դոլարային ֆինանսական համակարգի հասանելիությունը։

Սեպտեմբերի 8-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արդեն պատժամիջոցներ էր սահմանել Իրանի ավիացիոն հատվածին առնչվող 36 կազմակերպությունների նկատմամբ։ Նոր միջոցները միտված են իրանական փոխադրողների միջազգային գործունեության հետագա սահմանափակմանը։