«Ռոսատոմ»-ի ևս 18 ռուսաստանցի մասնագետ վերադարձել են Իրանի «Բուշեհր» ԱԷԿ։ Այսպիսով, կայանում ռուսաստանցի աշխատակիցների թիվը հասել է 63-ի, հայտնել է պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, գրում է «Коммерсантъ»-ը։
Ըստ Լիխաչովի՝ «Ռոսատոմ»-ը շարունակում է աստիճանաբար ավելացնել մասնագետների ներկայությունը օբյեկտում՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Նրա տվյալներով՝ անմիջապես հրապարակում իրավիճակը դեռևս հանգիստ է։
Միաժամանակ, պետական կորպորացիայի ղեկավարի նշմամբ, Իրանում անձնակազմի թվաքանակը զգալիորեն ավելացնել հնարավոր կլինի միայն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ պայմանավորվածությունների վերջնական ամրագրումից հետո։
Շինհրապարակում հիմնական աշխատանքները այժմ կենտրոնացած են երկու նոր էներգաբլոկների ռեակտորային բաժանմունքների և մեքենայական սրահների կառուցման վրա։ ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շարունակում է աշխատել 100% հզորությամբ, հայտնել է Լիխաչովը։
«Բուշեհր»-ը Իրանի միակ գործող ատոմային էլեկտրակայանն է։ Ռուսաստանը մասնակցում է կայանի երկրորդ և երրորդ էներգաբլոկների շինարարությանը, իսկ ավելի վաղ հաղորդվել էր, որ երրորդ բլոկի աշխատանքների ավարտը նախատեսված է 2026 թվականին։
Ռազմական գործողությունների սկսվելուց առաջ ռուսական անձնակազմի զգալի մասը տարհանվել էր Իրանից։ Մասնագետների վերադարձը «Բուշեհր» սկսվել է օգոստոսին։ Սեպտեմբերի կեսերին օբյեկտում գտնվում էին «Ռոսատոմ»-ի 47 աշխատակիցներ, իսկ նոր խմբի ժամանումից հետո նրանց թիվը աճել է մինչև 63։
Հունիսին Լիխաչովը հայտարարել էր, որ աշխատակիցների զանգվածային վերադարձը հնարավոր է միայն նրանց անվտանգության երաշխիքների առկայության դեպքում։ Օգոստոսին նա հայտնել էր, որ վերադարձի գործընթացը շարունակվում է, և շինհրապարակում ռուսաստանցի մասնագետների թիվը հասել է 42-ի։




























