ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը սեպտեմբերի 22-ին Արկտիկայում և Հյուսիսային Ատլանտիկայում անվտանգության ամրապնդման մասին համաձայնագիր են ստորագրել, հայտնում է Associated Press-ը։
Փաստաթուղթը նախատեսում է ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնում Գրենլանդիայում, սակայն կղզին պահպանում է Դանիայի վերահսկողության տակ։
Համաձայնագիրը ստորագրվել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Թրամփը պայմանավորվածությունն անվանել է «վիթխխարի» ԱՄՆ-ի, Եվրոպայի և Գրենլանդիայի համար։
Փաստաթուղթը Վաշինգտոնին թույլ է տալիս արդիականացնել և ընդլայնել գործունեությունը Գրենլանդիայի հյուսիս-արևմուտքում տեղակայված ամերիկյան Պիտուֆֆիկ ռազմաբազայում, ինչպես նաև ստեղծել նոր պաշտպանական օբյեկտներ հարավում՝ Նարսարսուակում, և արևելյան ափին՝ Մեսթերսվիգում։ Բացի դրանից, ԱՄՆ-ը կկարողանա լրացուցիչ պաշտպանական գոտիներ ստեղծել և ընդլայնել կղզու ռազմական ենթակառուցվածքը։
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ը ծրագրում է վերականգնել Նարսարսուակի ռազմական բազան, որտեղ Սառը պատերազմի ժամանակ գտնվում էր ամերիկյան Bluie West One օբյեկտը, ինչպես նաև ռազմական ներկայություն ստեղծել Մեսթերսվիգում։
Համաձայնագիրը նախատեսում է լայն հնարավորություններ Գրենլանդիայի տարածքով ամերիկացի զինվորականների տեղաշարժի համար, ներառյալ մերձջրյա շրջանների հասանելիությունը։ Վաշինգտոնը նաև կկարողանա կղզում Թրամփի վարչակազմի կողմից ծրագրվող «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայել:
Միևնույն ժամանակ, փաստաթուղթը չի նախատեսում Գրենլանդիայի փոխանցումը Միացյալ Նահանգներին։ Կղզին մնում է ինքնակառավարվող տարածք՝ Դանիայի Թագավորության կազմում։ Ավելին, համաձայնագիրը պետք է շարունակի գործել նույնիսկ այն դեպքում, եթե Գրենլանդիան անկախություն ստանա՝ պայմանով, որ պահպանի իր անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
Առանձին նշվում է, որ ՆԱՏՕ-ի մեջ չմտնող պետությունները չեն կարողանա Գրենլանդիայում սեփական ռազմական օբյեկտներ ստեղծել կամ մշտական ռազմական ներկայություն պահպանել առանց համաձայնագրի բոլոր կողմերի համաձայնության։
Թրամփը մի քանի տարի շարունակ հանդես էր գալիս Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն հաստատելու օգտին։ Իր երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում նա բազմիցս հայտարարել էր կղզին ստանալու անհրաժեշտության մասին և չէր բացառել ուժային տարբերակը։ Երեքշաբթի՝ համաձայնագրի ստորագրումից հետո, Թրամփը չպատասխանեց այն հարցին, թե արդյոք վերջնականապես հրաժարվել է Գրենլանդիան ձեռք բերելու գաղափարից։
Գրենլանդիայում ամերիկյան ռազմական ներկայությունը գոյություն ունի տասնամյակներ շարունակ։ Սառը պատերազմի շրջանում ԱՄՆ-ն այնտեղ ուներ 17 ռազմական օբյեկտ և ավելի քան 10 հազար զինծառայող։ Այժմ գործում է միայն Պիտուֆֆիկ ռազմաբազան, որը կապված է հրթիռային հարձակման նախազգուշացման, հակահրթիռային պաշտպանության և տիեզերական դիտարկման հետ։ Նոր համաձայնագիրը կդառնա կղզում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքի ամենախոշոր ընդլայնումը Սառը պատերազմի ժամանակներից ի վեր։
Դանիայի վարչապետը համաձայնագիրն անվանել է պայմանագիր, որը կարող է «հավերժ գոյատևել», իսկ Գրենլանդիայի կառավարության ղեկավարը՝ բոլոր երեք կողմերին ձեռնտու համաձայնություն։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ևս ողջունել է այն՝ հայտարարելով, որ պայմանավորվածությունը կուժեղացնի հավաքական անվտանգությունը ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանում։




























