Քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդար տեսնելով՝ Նիկոլ Փաշինյանը, սպասվող ցնցումներին ընդառաջ, իր ընտրազանգվածին «նոր թմրանյութ» է ներարկում։ Սեպտեմբերի 23-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։

Մեկնաբանելով ընդդիմախոսների «վերջին կոշիկները հանելու» մասին Փաշինյանի անդադար հայտարարությունները՝ Խաչատրյանը նկատել է, որ դա վկայում է վերջինիս ցածր մակարդակի մասին։ «Այդպես էլ ութ տարի ղեկավարեցին երկիրը։ Սպասվող ցնցումների ֆոնին նա այս արտահայտությամբ փորձում է դուր գալ ընտրազանգվածի մի հատվածին։ Հաշվեհարդարի խոստումներով նա նոր թմրանյութ է ներարկում նրանց»,- նշել է պատգամավորը։

Խաչատրյանի խոսքով՝ բոլորը, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, հասկանում են, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը կապ չունի գույքային հարցերի հետ, այլ ունի աշխարհաքաղաքական համատեքստ։

«Պատրաստվում են իրականացնել նոր հակահայկական, ապազգային ծրագրեր»,- ահազանգել է պատգամավորը՝ հիշեցնելով, որ ընտրություններից հետո Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևն այցելել էր Հայաստան և հետաքրքրվում նոր Սահմանադրությամբ։ Նա հավելել է, որ Ալիևն էլ իր հերթին է պնդում, թե առանց Հայաստանի նոր Սահմանադրության խաղաղություն չի լինի։

«Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով՝ իշխանությունները փորձում են չեզոքացնել դիմադրությունը, քանի որ նա այն մարդն է, որը կարող է համախմբում ապահովել։ Ինքը՝ Փաշինյանը, խոսում է «իրավական վենդետայի» մասին, բայց նրանք նաև հասկանում են, որ եթե իրոք գնան իրավական ճանապարհով, ամեն ինչ փլուզվելու է՝ ինչպես Մարտի 1-ի գործը։ Հիմա փորձում են հարցերը «կոշիկների մակարդակով» լուծել՝ Ռոբերտ Քոչարյանին բանտում մեկուսացնելով»,- եզրափակել է Խաչատրյանը։