ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում հակամարտությունը և երկկողմ հարաբերությունները, հայտնում են ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունից։
«Коммерсантъ» պարբերականի տվյալներով՝ բանակցությունները տևել են մոտ 50 րոպե և անցել են մամուլի համար փակ ձևաչափով։
Հանդիպումից հետո Ռուբիոն հայտարարել է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան հետաքրքրված են ամերիկյան առաջարկով՝ դադարեցնելու հարվածները էներգետիկ ենթակառուցվածքների վրա և սահմանափակումներով, որոնք կապված են հացահատիկի արտահանման հետ։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ հրադադարի ժամանակավոր դադարեցումը կամ հարվածների թիրախների սահմանափակման վերաբերյալ պայմանավորվածություններն ինքնին չեն հանգեցնի հակամարտության ավարտին, սակայն կարող են նպաստել դրան առնչվող մի շարք միջազգային խնդիրների լուծմանը։
Հանդիպման ընթացքում Լավրովը, ինչպես հաղորդվում է, Ռուբիոյին է փոխանցել Ուկրաինայում մարտական գործողությունների գծում տիրող իրավիճակի մասին տեղեկությունները։ Ռուսաստանի նախարարը հայտարարել է նաև եվրոպական երկրների ապակայունացնող ազդեցության մասին։
Նյու Յորքում անցկացված հանդիպումը 2025 թվականից ի վեր Ռուբիոյի և Լավրովի միջև հինգերորդն էր։ Վերջին անգամ Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել էին հուլիսին՝ Մանիլայում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում։




























