Այն, ինչ մենք առաջարկել ենք կապված Կտրիճ Ներսիսյանի հետ (նկատի ունի Գարեգի Բ Ամենայն հայոց կաթողիկոսին–խմբ), աջակցություն գտավ նաև ժողովրդի մոտ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության կողմից հրապարակված «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցին։
«Նախ Վաղարշապատ համայնքում այն քաղաքական ուժը, քաղաքական թևը, քաղաքական շարժումը, որը Կտրիճ Ներսիսյանին էր ներկայացնում, պարտվեց, հետագայում էլ ամբողջ հանրապետությունում պարտվեց։ Այնպես, որ ասել, թե դա ՔՊ վարչություն է քննարկվել, վարչությունը Հայաստանի ժողովրդի կամքի արտացոլումն է»,–ասաց նա՝ հավելելով, որ այս ամենի նպատակը «Կտրիճ Ներսիսյանի հեռացումն է»։
Դիտարկմանը, որ նա Ամենայն հայոց կաթողիկոսն է, Ալեն Սիմոնյանն ասաց. «Դուք կարող եք ինձ էլ կաթողիկոս համարել, կամ սրբություն համարել, բայց Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնությունը ասաց, որ իինքը ուղղակի Կտրիճ Ներսիսյանն է՝ գնալով և քվեարկելով ՔՊ կուսակցությանը, ասաց դա Վաղարշապատի ընտրությունների ժամանակ»։
Հարցին՝ այսինքն ընտրությունների արդյունքները մանդատ է իշխանության համար ամբողջ ժողովրդի անունից կաթողիկոսի հեռացման խնդիր դնելո՞ւ, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Իսկ ի՞նչն է մանդատ, եթե ոչ ժողովրդի քվեարկությունը, ո՞րը պիտի լինի մանդատը, ինչ-որ խմբի, ինչ-որ կազմակերպության ասա՞ծը։ Բա Հայաստանի Հանրապետության ժողովրդի մանդատից բարձր Ի՞նչ մանդատ գոյություն ունի, բա ո՞րն է մանդատը, եթե ոչ ՀՀ ժողովրդի որոշումը»։
Հիշեցմանը, որ ընտրություններում ժողովրդի մի մեծ մասը քվեարկել է ընդդիությանը, որոնք կաթողիկոսի հեռացմանը դեմ են, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ընդդիմությունը եկեղեցու հետ կապված հարցի վերաբերյալ իրենց ծրագրի մեջ նման դրույթ ունեցե՞լ են։ Իրենք չեն ունեցել, մենք ունեցել ենք, որի համար նաև ինչ-որ ձևով քննադատվել ենք»։
Դիտարկմանը, որ քարոզղարշավի ժամանակ ՔՊ–ն կաթողիկոսի հեռացման հարցի մասին չէր խոսում, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ակնհայտ էր, որ տարուց ավել այդ պրոցեսը գնացել է։ Այնպես չի, որ մենք մեր դիրքորոշումը, մեր խոսելաոճը, խոսույթը կամ որևիցե բան թաքցրել ենք կամ փոխել ենք այդ ընթացքում։ Եթե քարոզարշավի ընթացքում դուք մոտենայիք ինձ, ես էլի ասելու էի այդ մասին։ Բացի այդ, այդ թեմային անդրադառնում էր ընդիմությունը՝ մեղադրելով մեզ»։





























