«18 արդարների» գործով պետական միջոցների վատնումը շարունակվում է։ Սեպտեմբերի 24-ին ընթացող դատական նիստում այս մասին հայտարարել է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Հիշեցնենք, որ այսօր դատարանը շարունակել է զենքի գծով փորձագետների հարցաքննությունը։ Պաշտպանական կողմը խիստ դժգոհ է մնացել փորձագետ Վահե Ոսկանյանի՝ իրենց գնահատմամբ ոչ մասնագիտական պատասխաններից։ Ուստի փորձագետ Բաղդասարյանին պաշտպաններն ընդհանրապես հարցեր չեն ուղղել, քանի որ Ոսկանյանի եզրակացությունն արդեն իսկ կասկածի տակ է դնում փորձաքննության ընդհանուր արդյունքը։

Փաստաբան Սողոյանն ընդգծել է, որ փորձաքննության ներկայացված իրերից (հրացաններից ու դանակներից) և ոչ մեկը մեղադրյալների տներում չի հայտնաբերվել։

«Պետական միջոցների վատնումը շարունակվում է։ Հաստատելու համար, որ խոհանոցային դանակը խոհանոցային դանակ է, իսկ փամփուշտը՝ փամփուշտ, պետական փողեր են ծախսվում, ինչն իսկական կոռուպցիոն սխեմա է»,- նշել է փաստաբանը։ Նա ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ներգրավվել են Քննչական կոմիտեին առընթեր ՊՈԱԿ-ի փորձագետները, մինչդեռ կարող էին դիմել համեմատաբար անկախ մասնագետների։ Ընդ որում, փորձագետների ակադեմիական կրթությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում. պարզ ասած՝ նրանք մասնագետ չեն։ Այս ապացույցները որևէ առնչություն չունեն գործի հետ, հայտարարել է փաստաբանը։