Հունաստանը չի կարող ընդունել Լոնդոնի հետ այնպիսի համաձայնագիր, որը կճանաչի Բրիտանական թանգարանի սեփականության իրավունքը Պարթենոնի քանդակների նկատմամբ, կամ իր մշակութային հուշարձանի մասերը այդ թանգարանից վարձակալելու տարբերակ։ Դրա մասին գրել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը The Guardian պարբերականի համար նախատեսված հոդվածում։
«Հունաստանը չի կարող ընդունել որևէ համաձայնագիր, որը նրան կպարտավորեցնի ճանաչել Բրիտանական թանգարանի սեփականության իրավունքը Պարթենոնի քանդակների նկատմամբ, ոչ էլ որևէ սխեմա, որը կնշանակի, թե մենք «փոխառում» ենք մեր սեփական մշակութային հուշարձանի մասերը»,- ընդգծել է Միցոտակիսը։ Նրա կարծիքով՝ բրիտանական հանրությունը գնալով ավելի շատ է հակվում Հունաստանի կողմը։ «Անցյալ տարի հրապարակված համազգային ներկայացուցչական հարցումը ցույց տվեց, որ մեծամասնությունը պաշտպանում է քանդակների վերադարձը Հունաստան։ Էլ ավելի տպավորիչ է այն փաստը, որ հարցվածների 72%-ը համաձայնել է, որ քանդակները լավագույնս պետք է ընկալել որպես Պարթենոնի հետ միասնական ամբողջության մաս», — գրել է վարչապետը կառավարության մամուլի ծառայության տարածած հոդվածում։
Նա նշել է, որ Հունաստանը տասնամյակներ շարունակ երկխոսություն է վարում Մեծ Բրիտանիայի հետ՝ այդ նպատակին հասնելու համար։ «Վերջին տարիներին իմ կառավարությունը մանրամասն քննարկումներ է ունեցել Բրիտանական թանգարանի ղեկավարության հետ այն մասին, թե ինչպես կարելի է հասնել քանդակների վերամիավորմանը։ Այդ պատճառով ինձ զարմացրեց թանգարանի վերջին առաջարկը, ըստ որի Ֆրանսիայից [ժամանակավորապես Մեծ Բրիտանիա] բերված «Բայեի գոբելենը» կարող է օրինակ ծառայել Պարթենոնի քանդակների վերաբերյալ համաձայնագրի համար,- ասել է Միցոտակիսը։- Ես չեմ հավատում, որ դա հնարավոր է։ Ֆրանսիան գոբելենը տրամադրել է որպես միասնական ստեղծագործություն, և որպես միասնական ստեղծագործություն այն կվերադարձվի Ֆրանսիա։ Պարթենոնի դեպքում ամեն ինչ հակառակն է. հուշարձանի անբաժանելի մասերը բռնի կերպով դուրս են բերվել և մասնատվել։ Մեր նպատակը դրանց վերջնական վերամիավորումն է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեն Միացյալ Թագավորությանը բազմիցս կոչ է արել այս հարցում բարեխիղճ երկխոսություն վարել Հունաստանի հետ»,- հավելել է կառավարության ղեկավարը։
Պարթենոնի քանդակներն ավելի քան երկու դար առաջ լորդ Էլգինն ապօրինաբար Աթենքից դուրս է բերել և տեղափոխվել Բրիտանիա, հիշեցրել է վարչապետը։ Բայեի գոբելենը բաղկացած է միասին միացված կտավատի կտորի ինը հատվածներից։ Գոբելենն ու քանդակներն ի սկզբանե «մտահղացվել էին ընկալվելու և հասկացվելու որպես միասնական ամբողջություն,- հստակեցրել է նա։- Պարթենոնի քանդակների դեպքում այս նմանությունն ունի նաև ճարտարապետական բնույթ. դրանք քանդակվել էին որպես մեկ հուշարձանի անբաժանելի մասեր։ Ոչ ոք լրջորեն չի դիտարկի գոբելենի պահպանված մասը երկու մասի կտրելու և մի կեսը Լոնդոնում, իսկ մյուսը՝ Բայեում ցուցադրելու հնարավորությունը՝ պնդելով, թե դա դրա ընկալման ճիշտ ձևն է։ Սակայն հենց դա էլ տեղի է ունեցել Պարթենոնի քանդակների հետ։ Մեկ միասնական գլուխգործոցը մասնատվել է, և դրա պահպանված մասերն այժմ առանձին են պահվում, հիմնականում Լոնդոնում և Աթենքում»,- պարզաբանել է Միցոտակիսը։




























