Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ ուսումնասիրել էր ԱՄՆ ռազմական գործողությունների հնարավորությունը, երբ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էր Կանադան 51-րդ նահանգ դարձնելու մասին։
Կանադայի կառավարության ղեկավարի կարգավիճակում նա պարտավոր է հաշվի առնել նույնիսկ «ծայրահեղ ռիսկերը», ասել է Քարնին չորեքշաբթի The New York Times-ին տված հարցազրույցում։
«Սա պարզապես ռիսկերի կառավարում է։ Սա հիմնական սցենարը չէ, բայց անպատասխանատու կլիներ դա չանել»,- ասել է նա։
Քարնին հրաժարվել է մանրամասն պատմել The Times-ին ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողություններին նախապատրաստվելու մասին։
Քարնիի հայտարարությունները հնչել են այն ֆոնին, երբ Թրամփը բազմիցս խոսել է հյուսիսային հարևանի և ԱՄՆ-ի առանցքային դաշնակցի հնարավոր բռնակցման մասին՝ ներառյալ ռազմական ուժի կիրառմամբ, ինչից հետագայում ամերիկացի նախագահը հրաժարվել էր, ինչպես նաև տնտեսական ճնշման մասին։
«Կանադան պետք է դառնա մեր թանկարժեք 51-րդ նահանգը։ Շատ ավելի ցածր հարկեր և շատ ավելի հուսալի ռազմական պաշտպանություն Կանադայի բնակիչների համար, ԵՎ ՈՉ ՄԻ ՍԱԿԱԳԻՆ»,- գրել էր Թրամփը սոցիալական ցանցում 2025 թվականի փետրվարին, երբ նրա վարչակազմը քննարկում էր ԱՄՆ-ի մրցակիցների և դաշնակիցների դեմ լայնածավալ սակագներ սահմանելու հնարավորությունը։
Երկու երկրների միջև լարվածությունը կրկին հայտնվել էր ուշադրության կենտրոնում անցած ամիս, երբ առևտրային համաձայնագիրը վերջին պահին տապալվեց՝ երկու առանցքային առևտրային գործընկերներին մոտեցնելով բարձր փոխադարձ սակագներ սահմանելուն։
Հարցազրույցում Քարնին հայտարարել է, որ առևտրային բանակցությունների ձախողումից հետո ինքը Թրամփի հետ «հաճախ» է խոսել։ Նա նշելէ, որ ինքը շարունակում է լավատես լինել և պատրաստ է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել։
«Իմ տեսանկյունից, մենք լավ հարաբերություններ ունենք այն իմաստով, որ կարող ենք վերցնել լսափողը և միմյանց հետ քննարկել ցանկացած հարց։ Նա ուղիղ է խոսում։ Ես նույնպես հստակ ներկայացնում եմ իմ դիրքորոշումները։ Այդպես շատ ավելի արդյունավետ է, ուստի ես գիտեմ, որ այդ հնարավորությունը կա և կշարունակի լինել նաև ապագայում»,- ասել է Քարնին։
Միևնույն ժամանակ վարչապետը նշել է, որ Կանադան նվազեցնում է իր կախվածությունը ԱՄՆ-ից, դրանց թվում՝ Starlink-ից՝ արբանյակային ինտերնետային ցանցից, որը պատկանում է Իլոն Մասկի SpaceX ընկերությանը։ Կանադան նաև վերանայում է Lockheed Martin-ի արտադրության F-35 կործանիչների գնման ծրագրերը։
Թրամփի հակամարտությունը Կանադայի և նրա ղեկավարության հետ Քարնիին դուրս է բերել համաշխարհային քաղաքականության առաջին պլան՝ այն պայմաններում, երբ որոշ երկրներ վերանայում են ԱՄՆ-ի հետ իրենց հարաբերությունները։
Ավելի վաղ այս տարի կանադացի վարչապետն ուշադրություն էր գրավել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած իր ելույթով։ Նա կոչ էր արել Կանադայի նման «միջին տերություններին» դառնալ ավելի ինքնուրույն և միավորվել՝ մեծ տերություններից կախվածությունը նվազեցնելու համար։
«Միջին տերությունները պետք է գործեն միասին, որովհետև եթե մենք բանակցային սեղանի շուրջ չենք, ապա ինքներս հայտնվում ենք ճաշացանկում»,- հայտարարել է Քարնին իր ելույթում։




























