Սպիտակ տան հսկայական հանդիսասրահը, որը հիմա վերակառուցվում է, մինչև հինգշաբթի այդպես էլ չհասցրեց ընդունել հյուրերին։ Այդ պատճառով ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և նրա կնոջ՝ Պեն Լիյուանի պատվին կազմակերպվող պետական ընթրիքը կանցկացվի ավելի մտերմիկ միջավայրում՝ Արևելյան սենյակում, գրում է Washington Post-ը։ Սակայն դա, ակնհայտորեն, որևէ կերպ չի անդրադառնա դիվանագիտական երեկոյի նրբաճաշակության վրա։

Կարմիր շեշտադրումներով ձևավորված սեղանի շուրջ հյուրերը կտեսնեն Ռեյգանի ժամանակների հայտնի ճենապակին, իսկ ափսեներում կհամադրվեն ֆրանսիական գաստրոնոմիական դասականն ու չինական համերը։ Առաջին տիկին Մելանիա Թրամփի ղեկավարությամբ կազմված ճաշացանկը դարձել է յուրատեսակ խոհարարական ժեստ՝ ուղղված չինացի հյուրերին։

Առաջին ուտեստը կլինի դեղին դդմով մետաքսանման վելյուտե՝ անտառային սնկով, խրթխրթան պանչետայով և կանաչ սոխի բուրավետ յուղով։ Պատրաստման ֆրանսիական տեխնիկան այստեղ համակցվում է չինական խոհանոցին բնորոշ բաղադրիչի հետ, որը ճաշատեսակին հաղորդում է թարմ, թեթևակի համեմված նոտա։

Հիմնական ուտեստը կլինի խրթխրթան քնջութային կեղևով սիբասը։ Ձկան հետ կմատուցվեն շոգեխաշած երիտասարդ պակ-չոյ և խորոված սմբուկ, իսկ ամբողջը կամփոփի թարմ կանաչիներից պատրաստված վերտ սոուսը։ Այսպես մեկ ուտեստում միավորվել են չինական մթերքներն ու ֆրանսիական գաստրոնոմիական գեղագիտությունը։

Աղանդերի համար հյուրերին կառաջարկեն վանիլային կրեմյո՝ թթու բալից կոնֆիտյուրի միջուկով, ընկուզային ֆրանժիպանով և Սպիտակ տանը հավաքված մեղրով պաղպաղակով։ Ֆրանսիական կրեմյոն՝ մուսի և եփովի կրեմի միջև ընկած տեքստուրայով աղանդերը, կրկին հայտնվում է պետական նստավայրի ճաշացանկում՝ հաստատելով Սպիտակ տան խոհանոցի ակնհայտ սերը ֆրանսիական գաստրոնոմիական հնարքների հանդեպ։

Բայց երեկոյի ամենահետաքրքիր մանրուքը կլինի բաժակներում։ Ավանդական դիվանագիտական կենացների համար կմատուցեն կալիֆոռնիական փրփրուն Schramsberg Blanc de Noirs-ը։ Գինու ընտրությունը կապված է ամերիկա-չինական հարաբերությունների պատմության հետ. հենց այս գինեգործարանի արտադրանքն էր նախագահ Ռիչարդ Նիքսոնը տարել 972 թվականին Չինաստան կատարած պատմական այցի ժամանակ, որտեղ նա հանդիպել էր ՉԺՀ Պետական խորհրդի վարչապետ Չժոու Էնլայի հետ։ Այդ ժամանակ առաջնորդները խմեցին հայտնի «խաղաղության կենացը»՝ դրանով սկիզբ դնելով երկու երկրի միջև հարաբերությունների ջերմացմանը Սառը պատերազմի ամենաթեժ շրջանում։

Այդ ժամանակվանից Schramsberg-ի փրփրուն գինիները դարձել են գրեթե ավանդական Սպիտակ տանը անցկացվող պետական միջոցառումներին։

Այս ընթրիքը կլինի արդեն հինգերորդ պետական ընդունելությունը, որն անցկացրել է Դոնալդ Թրամփը իր երկու նախագահական ժամկետի ընթացքում։ Միևնույն ժամանակ, ներկայիս վարչակազմը, դատելով ճաշացանկից, չի ձգտում ամեն անգամ նորից հորինել գաստրոնոմիական անիվը։ Օրինակ՝ ապրիլին Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի և թագուհի Կամիլայի պատվին տրված ընթրիքի ժամանակ նույնպես ճաշի սկզբում մատուցվել էր վելյուտե, իսկ աղանդերի համար՝ կրեմյո։

Սպիտակ տան ներկայիս խոհանոցի ևս մեկ առանձնահատկությունն այն է, որ հրաժարվել են դրսից հայտնի շեֆ-խոհարարներ հրավիրելու պրակտիկայից։ Նման ավանդույթը հատկապես հաճախ կիրառվում էր Բարաք Օբամայի և Ջո Բայդենի նախագահության տարիներին, մինչդեռ ներկա թիմը նախընտրում է ճաշացանկը կազմել նստավայրի մշտական խոհանոցի ուժերով։

Սակայն այս ընթրիքը պարզապես դիվանագիտական ընդունելություն չէ, այլ նաև՝ յուրատեսակ պատասխան ժեստ։ Մայիսին Սի Ցինխինը Պեկինում Թրամփին ընդունել էր հատուկ պետական շուքով։ Այն ժամանակ ամերիկացի նախագահի համար կազմակերպել էին հանդիսավոր ընթրիք, որտեղ մատուցվել էին չինական խոհանոցի ուտեստներ, որոնք վաղուց արդեն հայտնի են նաև ԱՄՆ-ում, ներառյալ՝ խոզի մսով բուլկի և պեկինյան բադ։

Այս անգամ Սպիտակ տունը Պեկինին պատասխանում է իր սեփական գաստրոնոմիական դիվանագիտությամբ՝ մի քիչ Ֆրանսիա, մի քիչ Չինաստան, ամերիկյան մթերքներ և շատ խորհրդանշականություն՝ Ռեյգանի ժամանակների ճենապակուց մինչև այն փրփրուն գինին, որը արդեն ավելի քան կես դար ուղեկցում է ամերիկա-չինական հարաբերությունների կարևոր էջերը։

Իսկ հյուրերի թվում սպասվում են ոչ միայն քաղաքական գործիչներ և դիվանագետներ։ Ինչպես հաղորդվում է, պետական ընթրիքը կհավաքի ամերիկյան տեխնոլոգիական մագնատների մի ամբողջ աստղաբույլ՝ Ջեֆ Բեզոս, Սունդար Պիչայ, Սեմ Ալթման, Թիմ Կուկ, Իլոն Մասկ, Մարկ Ցուկերբերգ և Ջենսեն Հուանգ։