Հրդեհ է բռնկվել Էգեյան ծովում (Միկոնոս կղզուց հյուսիս) գտնվող հունական Blue Carrier-2 լաստանավի բեռնախցիկում։ Անձնակազմի բոլոր անդամները և ուղևորները բարեհաջող տարհանվել են Տինոս կղզի, հայտնել է հունական Skai հեռուստաալիքը՝ հրապարակելով միջադեպի լուսանկարներն ու տեսանյութը։
Ընդհանուր առմամբ, լաստանավում եղել են անձնակազմի 28 անդամ և ավելի քան 29 ուղևոր։ Տուժածներ չկան։ Լաստանավի բեռնախցիկում մնացել են թեթև և բեռնատար ավտոմեքենաներ։
Լաստանավում բռնկված հրդեհը մարելու համար Հունաստանի հրշեջ ծառայությունը ներգրավել է չորս նավ։ Հրդեհին հետևելու համար դեպքի վայր է ժամանել հրշեջ ծառայության ուղղաթիռը։
Նավի սեփականատեր Attica Group ընկերությունը հայտնել է, որ մասնագիտացված ընկերություններին հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ինչպես շրջակա միջավայրի պահպանության, այնպես էլ հրդեհից հետո նավի կառավարման ուղղությամբ։ Տեղի ժամանակով ժամը 16:00-ին (որը համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ) դեպքի վայր կհասնի 70 մետրանոց Aigaion Pelagos քարշակ-փրկարարական նավը, որն ունի հրդեհի մարման մեծ հնարավորություններ, նշել է հեռուստաալիքը։





























