Լատվիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ իտալացի չորս զինծառայող է վիրավորվել, հայտնում է Sky Tg24-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Ադաժիի զինվորական պոլիգոնում՝ ՆԱՏՕ-ի Forward Land Forces (FLF) առաքելության շրջանակում իրականացվող մարտական հրաձգության ընթացքում։

Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Բերսալիերների 11-րդ գնդի զինծառայողները գտնվել են զրահամեքենայի մեջ, երբ դրա ուղղությամբ կրակ է բացվել իտալական մեկ այլ զինվորական մեքենայից։

Չորս տուժածներն էլ անմիջապես տեղափոխվել են Ռիգայի հիվանդանոցներից մեկը։ Զինվորներից մեկի վիճակը համեմատաբար ծանր է, սակայն կայուն։ Իտալական կողմի հավաստմամբ՝ վիրավորներից և ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Աղբյուրների համաձայն՝ զորավարժությունների ընթացքում Dardo զրահամեքենայից պատահաբար գնդացրային կրակահերթ են արձակել առջևից ընթացող նույն տիպի մեկ այլ մեքենայի ուղղությամբ։ Կրակոցի պահին դիմացի մեքենայի հետևի դուռը բաց է եղել, դատելով ամենայնից՝ այն պատճառով, որ զինվորները պատրաստվում էին դուրս գալ։

Այս վարկածն առայժմ պաշտոնապես հաստատված չէ։ Իտալիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով ծառայողական քննություն սկսելու մասին։

«Անմիջապես մեկնարկել են բոլոր անհրաժեշտ ստուգումները՝ պատճառները պարզելու և տեղի ունեցածի ամբողջական պատկերը վերականգնելու համար», — նշված է գերատեսչության՝ X սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ։

Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ տուժած զինծառայողների հարազատներն արդեն տեղեկացված են պատահարի մասին։

Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն պարբերաբար զեկույցներ է ստանում Պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Լուչանո Պորտոլանոյից և Զինված ուժերի միացյալ օպերատիվ հրամանատարության հրամանատար, գեներալ Ջովաննի Մարիա Յաննուչիից՝ զինվորականների առողջական վիճակի և քննության ընթացքի վերաբերյալ։

«Նախարարը, զինվորական ղեկավարությունն ու Պաշտպանական ողջ գերատեսչությունն իրենց աջակցությունն են հայտնում վիրավոր զինծառայողներին ու նրանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում նրանց», — ասված է նախարարության հաղորդագրության մեջ։