Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մի քանի տարվա ընթացքում առաջին երկկողմ հանդիպման ժամանակ Մոսկվային լարվածության թոիլացման և Ուկրաինայի հետ բանակցությունների կոչ է արել։ Ըստ գերմանացի նախարարի, կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել առանցքային հարցերի շուրջ։
«Դա ինտենսիվ զրույց էր։ Իհարկե, կարևոր հարցերի շուրջ մեզ չհաջողվեց համաձայնության գալ», — ասել է Վադեֆուլը։
Նա տեղեկացրել է, որ ինքը Լավրովին հայտնել է, որ Գերմանիան անընդունելի է համարում այն հարվածները, որոնք գնահատում է լարվածության սրացում, և Ռուսաստանին նախազգուշացրել է մոտեցումը փոխելու անհրաժեշտության մասին։ Միաժամանակ Վադեֆուլն առաջարկել է նվազեցնել լարվածությունը, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված։
«Ես նրան առաջարկել եմ թուլացնել իրավիճակի լարվածությունը, հատկապես՝ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող դրությունը։ Բայց առայժմ դա արձագանք չի գտել», — ասել է նախարարը։
Բանակցությունների թեմաներից մեկը դարձել են Ռուսաստանից և Ուկրաինայից հացահատիկի մատակարարումները։ Վադեֆուլը հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել երկու երկրների գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հնարավորությունը։ Ըստ նրա, սա հատկապես կարևոր է Գլոբալ Հարավի երկրների համար։
Նախարարն օրինակ է բերել Եգիպտոսը, որը, ըստ նրա, Ուկրաինայից ստանում է հացահատիկի մատակարարումների մոտ մեկ երրորդը։ Արտահանման դադարեցման դեպքում, նշել է Վադեֆուլը, աշխարհի այլ տարածաշրջաններում կառաջանա պարենային պակասի վտանգ։
Նա նաև Ռուսաստանին կոչ է արել բաց լինել Ուկրաինայի հետ բանակցությունների համար։
Վադեֆուլը հանդիպման փաստը բացատրել է ռուսաստանյան կողմի հետ ուղիղ շփումները վերականգնելու անհրաժեշտությամբ։ Նա հայտնել է, որ մի շարք օտարերկրյա գործընկերներ իրեն կոչ էին անում խոսել Մոսկվայի հետ, իսկ Գերմանիան չէր ցանկանա ամբողջությամբ թողնել, որ ԱՄՆ-ն ինքնուրույն վարի շփումները Ռուսաստանի հետ։
«Սառը պատերազմի տարիներին փոխանակումը միշտ շարունակվում էր։ Եվ ես ճիշտ եմ համարում հենց այս պահին փորձել գտնել շփման առաջին հնարավորությունը», — հայտարարել է նախարարը։
Միևնույն ժամանակ Վադեֆուլը ընդգծել է, որ հանդիպումը չէր նշանակում Գերմանիայի դիրքորոշման փոփոխություն Ուկրաինայի հարցում։ Նա Լավրովին ասել է, որ Բեռլինը կշարունակի աջակցել Կիևին և տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։
«Ես Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ չեմ վարում, դա անում են հենց իրենք՝ ուկրաինացիները։ Ես Ռուսաստանին կոչ եմ անում խոսել Ուկրաինայի հետ», — ասել է գերմանացի նախարարը։
Հնարավոր նոր շփումների մասին հարցին պատասխանելով՝ Վադեֆուլը հայտարարել է, որ դա մեծապես կախված է Մոսկվայից։ Ըստ նրա, Գերմանիան պատրաստ է հետագա երկխոսության, եթե Ռուսաստանը պատրաստ լինի կառուցողական բանակցությունների և դադարեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայի դեմ։
Վադեֆուլը նաև պատմել է, որ հանդիպման առաջարկը իրեն փոխանցվել է օտարերկրյա գործընկերների միջոցով, որոնք ավելի վաղ շփվել էին Լավրովի հետ։ Միևնույն ժամանակ նա չի բացահայտել բանակցությունների կազմակերպման մանրամասները։
Վադեֆուլի և Լավրովի հանդիպումը դարձել է Գերմանիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների առաջին երկկողմ շփումը մի քանի տարվա ընթացքում։





























