Նիդեռլանդներում գետերի ջրի չափազանց ցածր մակարդակի պատճառով նավարկությունը բարդանում է. Էյսել, Նեդերռեյն և Վաալ գետերի առանձին հատվածներում խորությունն այնքան է նվազել, որ ծառայություններն այլևս չեն կարող լիարժեք չափել նավուղին, հայտնել է NOS հեռուստառադիոընկերությունը։
«Նիդեռլանդների արևելքում գետերի ջրի մակարդակն այժմ այնքան ցածր է, որ պարզ չէ՝ արդյոք այնտեղ նավարկությունը հնարավոր է»,- ուրբաթ հայտնել է հեռուստաալիքը։
Ինչպես հայտնել են Նիդեռլանդների ենթակառուցվածքների նախարարությանը կից Ջրային ռեսուրսների վարչությունից, Էյսել, Նեդերռեյն և Վաալ գետի զգալի հատվածում այլևս հնարավոր չէ ճշգրտորեն որոշել, թե արդյոք նավերի երթևեկությունն անվտանգ է։
Գերատեսչության տվյալներով՝ չափումներ իրականացնող նավերի մեծ մասն ունի չափազանց մեծ նստվածք և չի կարող անցնել ծանծաղ հատվածներով։ Այդ պատճառով ներքին նավարկության նավերի նավապետներն այժմ ստիպված են ինքնուրույն գնահատել՝ արդյոք այնտեղով անցնելն անվտա՞նգ է, թե՞ ոչ։
Որոշ վայրերում խորությունն այժմ կազմում է 125 սանտիմետրից պակաս, իսկ նավերի մեծ մասը, որոնց միջոցով Ջրային ռեսուրսների վարչությունը չափումներ է կատարում, ունի ավելի մեծ նստվածք, ուստի դրանք պարզապես չեն կարող այնտեղ հասնել։
Ջրային ռեսուրսների վարչությունը չափում է նավուղու խորությունը, որպեսզի հնարավոր լինի որոշել նավի համար թույլատրելի բեռի ծավալը և խուսափել ծանծաղուտում խրվելուց։ Նմանատիպ տվյալներ տրամադրում են նաև առևտրային ընկերությունները, սակայն նրանց ծառայությունները բոլորին հասանելի չեն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս ամառ Եվրոպայում մոլեգնած երկարատև շոգի և երաշտի ժամանակաշրջանից հետո Նիդեռլանդների արևելքում Ռեյն գետի ջրի մակարդակն անցած հանգստյան օրերին ընկել է վերջին 160 տարվա ամենացածր ցուցանիշին։ Իրավիճակն ազդել է նաև Նիդեռլանդներում և Գերմանիայում ձեռնարկությունների աշխատանքի վրա, քանի որ գետային նավերը ստիպված են ավելի քիչ բեռ տեղափոխել, ինչը հանգեցնում է տրանսպորտային ծախսերի աճին։





























