Հավայան կղզիներում մոտ 550 տարի կանգուն մնացած հայտնի Hōlei բնական ծովային կամարը փլուզվել է Խաղաղ օվկիանոսում։ Լավայից գոյացած 27 մետրանոց այս ժայռը գտնվում էր «Հավայան հրաբուխներ» ազգային պարկի ափամերձ հատվածում և զբոսաշրջիկների սիրելի վայրերից էր։ Այս մասին հաղորդում է BBC News-ը։

Թե հստակ երբ է այն քանդվել՝ հայտնի չէ։ Սեպտեմբերի 23-ի դրությամբ կամարը դեռ երևում էր ջրի վրայից, իսկ ամսի 27-ին այն արդեն չկար։ Տեղեկությունը հաստատել է ԱՄՆ Ազգային պարկերի ծառայությունը (NPS)։

Կամարը գտնվում էր Հավայի (կամ Մեծ) կղզու Chain of Craters ճանապարհի վերջնամասում և ափի այս հատվածի ամենաշատ լուսանկարվող տեսարժան վայրերից էր։

Ըստ NPS-ի՝ կամարը շրջապատող ափամերձ ժայռերը դեռ տարիներ առաջ էին սկսել անկայունության նշաններ ցույց տալ։ Դեռ 2021-ին ծառայությունը նախազգուշացրել էր, որ բնական այս կառույցը վաղ թե ուշ անխուսափելիորեն կքանդվի։

Ժայռերն ավելի շատ վնասվեցին 2018-ին Կիլաուեա հրաբխի ժայթքման ու դրա խառնարանի փլուզման հետևանքով առաջացած երկրաշարժերից։ 2020-ի հունվարին, նոր ճեղքերի ու փլուզման վտանգի պատճառով, իշխանությունները փակեցին կամարի մոտ գտնվող հին դիտահարթակը և ամիսներ անց բացեցին նորը՝ արդեն անվտանգ հեռավորության վրա։

Նույն տարում՝ ավելի ուշ, արևադարձային փոթորկի ալիքները պոկել էին կամարի հիմքի մի հատվածը։ Ենթադրվում է, որ ժայռը վերջնականապես քանդվել է անցած հանգստյան օրերին, երբ ազգային պարկը ժամանակավորապես փակ էր «Նոլո» արևադարձային փոթորկի պատճառով։

«Այս գոյացությունը գեղեցիկ է, սակայն հավերժ չէ, և դրա կյանքի տևողությունը սահմանափակ է»,- դեռ 2021-ին նշում էին Ազգային պարկերի ծառայությունից՝ կանխատեսելով կամարի կործանումը։

Կամարի անհետանալուց հետո սոցիալական ցանցերի օգտատերերն սկսել են ակտիվորեն լուսանկարներ և հուշեր հրապարակել այս տեսարժան վայրից։

Ազգային պարկերի ծառայությունից հավելում են, որ կամարի փլուզումն այս վայրի և դժվարանցանելի ափագծում տեղի ունեցող հերթական բնական գործընթացն է. ժայռերի աստիճանական քայքայման և ափի նահանջի արդյունքում՝ ժամանակի ընթացքում այստեղ կարող են բնական նոր կամարներ ի հայտ գալ։