«Խավարասերների կուսակցությունը» (Cockroach Janta Party, CJP) հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ին Նյու Դելիում համահնդկական երթ կանցկացնի, եթե Գլխավոր ընտրական հանձնաժողովի նախագահ Գյանեշ Կումարը հրաժարական չտա: Այս մասին Մումբայում տեղի ունեցած բազմամարդ բողոքի ակցիայից հետո հայտարարել է կուսակցության հիմնադիր և համակարգող Աբհիջիտ Դիպկեն:

Բողոքի ակցիան տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ Շիվաջի այգում, չնայած ոստիկանությունը դրա անցկացման արտոնություն չէր տվել: Հնդկական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հավաքին մասնակցել են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ դերասաններ և երաժիշտներ:

«Եթե Գյանեշ Կումարը հրաժարական չտա, ամբողջ Հնդկաստանի «խավարասերները» երթով շարժվելու են դեպի Դելի և հոկտեմբերի 10-ին բողոքի ակցիա են անցկացնելու Ջանթար-Մանթարում»,- հայտարարել է Դիպկեն:

Նա կոչ է արել հնդիկներին միանալ երթին՝ ընդգծելով, որ խոսքը երկրում ազատ, արդար ընտրությունների և ժողովրդավարության պաշտպանության մասին է:

«Իսկ եթե Դելիի ոստիկանությունը փորձի կանգնեցնել մեզ, ապա ցանկացած վայր, որտեղ մեզ կկանգնեցնեն, կդառնա մեր Ջանթար-Մանթարը: Մեր ակցիան խաղաղ է լինելու. մենք գնալու ենք Մահաթմա Գանդիի ցույց տված ճանապարհով»,- ասել է կուսակցության հիմնադիրը:

Բողոքի ակցիաները կապված են ընտրացուցակների հատուկ վերանայման շուրջ ծագած վեճի հետ: Ընդդիմադիր ուժերն ու ակտիվիստները ընտրական հանձնաժողովին մեղադրում են ցուցակների թարմացման ընթացքում թույլ տրված չարաշահումների մեջ, մինչդեռ հանձնաժողովը հերքում է այդ մեղադրանքները՝ պնդելով, որ գործում է օրենքի շրջանակներում:

Հոկտեմբերի 2-ին Նյու Դելիի ոստիկանությունը Ջանթար-Մանթարի տարածքում և հարակից փողոցներում հավաքված ավելի քան 700 ցուցարարի է ձերբակալել: Ձերբակալվածների թվում էր նաև Դելիի նախկին գլխավոր նախարար Ատիշին: Ոստիկանությունը թույլ չի տվել անցկացնել ակցիան և սահմանափակումներ է մտցրել՝ արգելելով 5 հոգուց ավելի խմբերի հավաքները:

«Խավարասերների կուսակցությունը» հայտարարել է, որ մտադիր է հոկտեմբերի 10-ին նոր երթ անցկացնել, եթե ընտրական հանձնաժողովի ղեկավարը չկատարի ցուցարարների՝ հրաժարական տալու պահանջը: