Ֆրանսիայում շաբաթվա սկզբից ի վեր ավելի քան 5000 մարդ է բերման ենթարկվել աշակերտների զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ։ Le Figaro-ի փոխանցմամբ՝ ցույցերը սկսվել էին Փարիզի շրջանում վարժարանների (լիցեյների) շրջափակմամբ, այնուհետև տարածվել ողջ երկրում ու որոշ վայրերում վերաճել ոստիկանության հետ բախումների և փողոցային անկարգությունների։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ միայն ուրբաթ օրը ոստիկանությունը 1747 մարդու է բերման ենթարկել, իսկ 158 ուսումնական հաստատության մերձակայքում «քաղաքային բռնության» դեպքեր են արձանագրվել։
Բողոքի ալիքը բարձրացել է կրթության ֆինանսավորումն ավելացնելու, ուսուցիչների և մյուս աշխատակիցների պակասը լրացնելու, դպրոցների շենքային պայմանները բարելավելու և դասարանների գերբեռնվածությունը թեթևացնելու պահանջներով։ Առաջին ակցիաները տեղի են ունեցել Փարիզի արվարձաններում, որից հետո շարժումն արագորեն տարածվել է Ֆրանսիայի մյուս քաղաքներում։ Ուրբաթ օրվա դրությամբ բողոքի գործողություններն ու դասապրոցեսի խափանումներն ազդել են ավելի քան 700 կրթական հաստատության վրա։
Որոշ վայրերում ցույցերն ուղեկցվել են աղբամանների հրկիզմամբ, գույքի վնասմամբ, ոստիկանների հետ բախումներով ու փրկարար ծառայությունների աշխատակիցների վրա հարձակումներով։ Նանտում հրդեհի հետևանքով վնասվել է Նելսոն Մանդելայի անվան վարժարանը։ Իշխանություններն սկսել են կատարվածը որակել որպես «քաղաքային բռնություն» և ավելացրել են փողոցներում հասարակական կարգը պահպանող ստորաբաժանումների ներկայությունը։
Մինչդեռ հենց իրենք՝ աշակերտներն ու նրանց աջակցող ուսուցիչները, պնդում են, որ շարժման հիմքում բացառապես կրթական խնդիրներն են։ Որոշ դպրոցներում մանկավարժների պակասի պատճառով դասերը պարբերաբար չեղարկվում են, իսկ Սեն-Սեն-Դենի դեպարտամենտում, արհմիությունների տվյալներով, ուսուցիչների հաստիքների զգալի մասը թափուր է մնում։
Սեպտեմբերյան առաջին ակցիաների համար առիթ էր դարձել նաև Կրետեյի «Սենտ Էքզյուպերի» վարժարանի ուսուցիչների ցույցը։ Աշակերտները միացել էին նրանց՝ դպրոցի մուտքի մոտ աղբամաններ շարելով։ Իսկ սոցցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը նպաստել էին, որ դպրոցների շրջափակումներն ավելի լայն թափ ստանան։
Ուրբաթ օրը կրթության նախարար Էդուար Ժեֆրեն հանդիպել է արհմիությունների, ծնողների և աշակերտների ներկայացուցիչների հետ, սակայն բանակցողները դժգոհել են, որ խնդրի լուծմանն ուղղված հստակ քայլեր չեն առաջարկվել։ Հանդիպումից հետո արհմիությունները կոչ են արել չդադարեցնել պայքարն ու հայտարարել են երեքշաբթի օրվանից բողոքի ցույցերի նոր փուլի մեկնարկի մասին։ Հոկտեմբերի 6-ի ակցիային միացել են կրթության ոլորտի 7 խոշոր արհմիությունից 6-ը, ինչպես նաև ուսանողական ու աշակերտական ամենամեծ կազմակերպությունները։




























