ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հայտարարել է, որ ակնկալում է առաջիկայում կարգավորել կամ հաղթանակով ավարտել Իրանի և Ուկրաինայի շուրջ ընթացող հակամարտությունները։
«Մոտ ապագայում պատրաստվում եմ լուծել կամ հաղթական ավարտին հասցնել ևս երկու հակամարտություն՝ Իրանի հետ և ռուս-ուկրաինականը»,— հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։
Թրամփը վստահություն է հայտնել, որ երկու պատերազմներն էլ շուտով ավարտվելու են։ Խոսելով Իրանի մասին՝ նա սպառնացել է, որ հակամարտությունը ցանկացած պարագայում կավարտվի՝ անկախ նրանից, թե Թեհրանը կհամաձայնի կատարել Վաշինգտոնի պահանջները, թե ոչ։
«Իրանի հարցը շատ արագ է լուծվելու, այսպես թե այնպես. կա՛մ նրանք մեզ կտան այն ամենը, ինչ պահանջում ենք, կա՛մ պարզապես այլևս գոյություն չեն ունենա»,— ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև վառելիքի գների կտրուկ անկում է կանխատեսել Իրանի հետ պատերազմի ավարտից հետո։ Նրա խոսքով՝ նավթի և բենզինի արժեքը կնվազի հակամարտության հանգուցալուծման պահին։
«Գներն ակնթարթորեն ցած են իջնելու, և այս ամենն անհապաղ ավարտվելու է՝ այսպես թե այնպես»,— նշել է նա։




























