Գերմանիան մերժել է Եվրոպական միության 2028–2034 թվականների յոթնամյա բյուջեի նոր առաջարկը՝ հայտարարելով, որ նախատեսված ծախսերի կրճատումը բավարար չէ, հաղորդել է dpa-ն։
Կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ընդգծել է, որ առաջարկված բյուջեի ծավալը թույլ չի տալիս հասնել համաձայնության։
«Նոր առաջարկի չափը հիմք չէ համաձայնության հասնելու համար», — հայտարարել է Մերցը Բեռլինում հրապարակված հաղորդագրության մեջ։
Կանցլերի խոսքով՝ ԵՄ բյուջեն պետք է տանելի լինի այն երկրների համար, որոնք ապահովում են դրա ֆինանսավորման ամենամեծ բաժինը։ Միավորման խոշորագույն տնտեսություն հանդիսացող Գերմանիան ընդհանուր բյուջեում վճարում է մյուս պետություններից ավելի շատ։
Նոր առաջարկը ներկայացրել է ԵՄ խորհրդում նախագահող Իռլանդիան Բեռլինի հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ առաջ։ Ծրագիրը նախատեսում է 2028–2034 թվականների ծախսերի կրճատում մոտ 159 մլրդ եվրոյով՝ Եվրահանձնաժողովի նախնական նախագծի համեմատ։ Այսպիսով, բյուջեի ընդհանուր ծավալը կկազմի մոտ 1,826 տրլն եվրո՝ ավելի վաղ առաջարկված գրեթե 1,985 տրլն եվրոյի փոխարեն։ Երկու գումարներն էլ հաշվարկված են ընթացիկ գներով՝ կանխատեսվող գնաճը հաշվի առնելով։
Գերմանիան և ԵՄ բյուջեի մյուս զուտ դոնոր երկրները, այդ թվում՝ Նիդեռլանդները, Շվեդիան և Ավստրիան, ձգտում են Եվրահանձնաժողովի նախնական առաջարկը կրճատել մի քանի հարյուր միլիարդ եվրոյով։ Այս պետությունները միության բյուջե են փոխանցում ավելի շատ միջոցներ, քան ստանում են դրանից։
Բեռլինին նաև չի բավարարում առաջարկվող կրճատումների բաշխումը։ Ծախսերի ամենամեծ նվազեցումը կանդրադառնա այն ուղղություններին, որոնց ֆինանսավորումը Եվրահանձնաժողովը նախատեսում էր ավելացնել, այդ թվում՝ եվրոպական տնտեսության մրցունակության բարձրացումը, գիտական հետազոտությունները, պաշտպանությունը, արտաքին քաղաքականությունը և զարգացման օգնությունը։
Միևնույն ժամանակ, գյուղատնտեսական սուբսիդիաները և համախմբման քաղաքականության ֆինանսավորումը, որն ուղղված է ԵՄ տարածաշրջանների միջև տնտեսական և սոցիալական անհավասարության կրճատմանը, նախատեսվում է հիմնականում պահպանել։ Այս միջոցները հատկապես կարևոր են միավորման ավելի քիչ ապահովված պետությունների համար։
ԵՄ առաջնորդները հույս ունեն բյուջեն համաձայնեցնել մինչև տարեվերջ, սակայն փոխզիջման արագ ձեռքբերումը քիչ հավանական է մնում։ Միության 27 պետությունների ղեկավարները ֆինանսական ծրագիրը կքննարկեն հաջորդ շաբաթ կայանալիք գագաթնաժողովում։





























