Ավելի քան 300 հազար տարի առաջ մակակաները բնակվում էին այժմյան Գերմանիայի տարածքում՝ իրենց ներկայիս տարածման սահմանից մոտ 1800 կիլոմետր հյուսիս։ Այս եզրակացությանն են հանգել հետազոտողները՝ ուսումնասիրելով կապիկի ձագի կաթնատամը, որը հայտնաբերվել էր Ստորին Սաքսոնիայում՝ Շյոնինգենի հնագիտական հուշարձանում։ Գտածոն դարձել է մայրցամաքային Եվրոպայում մակակաների ներկայության ամենահյուսիսային վկայությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Quaternary Environments and Humans ամսագրում։

Ատամը հայտնաբերվել էր դեռևս 2004 թվականին՝ հնագույն լճի ափամերձ նստվածքներում պեղումների ժամանակ։ Շյոնինգենի հուշարձանը հայտնի է լավ պահպանված հնագիտական և հնէաբանական գտածոներով, որոնք հնարավորություն են տալիս վերականգնելու հեռավոր անցյալի բնական պայմաններն ու կլիման։

Ինչպես պարզել են Թյուբինգենի համալսարանին կից Զենկենբերգի Մարդու էվոլյուցիայի և պալեոմիջավայրի ուսումնասիրման կենտրոնի և Նիդեռլանդների Լեյդենի համալսարանի մասնագետները, գրեթե ամբողջությամբ պահպանված ատամը մոտ մեկ տարեկան մակակայի կաթնային աղորիք է։ Դրա երկարությունը մեկ սանտիմետրից պակաս է։ Իր հատկանիշներով կենդանին մոտ էր ժամանակակից մագոտին՝ մակակաների միակ տեսակին, որի բնական տարածումն այսօր Հյուսիսային Աֆրիկայում է։ Բացի դրանից, այս կապիկները բնակվում են նաև Ջիբրալթարում՝ Եվրոպայի հարավային ծայրամասում։

Այսօր մակակաների բոլոր մյուս տեսակներն ապրում են Ասիայում։ Սակայն պլեյստոցենի դարաշրջանում՝ մոտավորապես 2,58 միլիոնից մինչև 11 700 տարի առաջ, այս պրիմատների տարածքն ընդգրկում էր Հարավային և Կենտրոնական Եվրոպայի զգալի մասը։ Նրանց մնացորդներ են հայտնաբերվել Իսպանիայում, Իտալիայում և Հունաստանում, ինչպես նաև Գերմանիայում և Անգլիայում։

Մակակաների ցեղն առաջացել է մոտ 16 միլիոն տարի առաջ, ենթադրաբար՝ Հյուսիսային Աֆրիկայում։ Հետագայում մագոտները տարածվել են Միջերկրական ծովի ավազանում և առաջացել շատ դեպի հյուսիս՝ մինչև ներկայիս Գերմանիայի և Նիդեռլանդների տարածքներ։ Անգլիայում հայտնաբերված գտածոները նույնպես վկայում են հին Եվրոպայում այս պրիմատների լայն տարածման մասին։

Հյուսիսային Գերմանիայում մակակաները, հավանաբար, հասել էին իրենց բնակության համար պիտանի տարածքների հյուսիսային սահմանին։ Հետագայում նրանց տարածումը կտրուկ կրճատվել է, իսկ վերջին սառցադաշտային ժամանակաշրջանի ընթացքում նրանք անհետացել են Եվրոպայից։

Հնարավոր պատճառների թվում հետազոտողները նշում են կլիմայի փոփոխությունը, համապատասխան կենսամիջավայրերի կորուստը և մեկ այլ պրիմատների տեսակի՝ հին մարդկանց կողմից ճնշման ուժեղացումը։ Թե այս գործոններից յուրաքանչյուրը կոնկրետ ինչ դեր է խաղացել, առայժմ միանշանակորեն հնարավոր չէ պարզել։