Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» (ԵԱՊ) կուսակցությունը կոշտ արձագանք է տվել Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորների հայտարարություններին։

ԵԱՊ-ում հայտարարել են, որ թուրքական ԶԼՄ-ներում, այդ թվում՝ իշխանամերձ, համակարգված կերպով տարածվում են Ադրբեջանի վերաբերյալ կեղծ և զրպարտչական տեղեկություններ։ Հատուկ դժգոհություն է առաջացրել թուրքական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությունը։

Կուսակցությունը մերժել է Իսրայելի հետ հարաբերությունների պատճառով Բաքվի հասցեին հնչած մեղադրանքները՝ հիշեցնելով Պաղեստինին հետևողականորեն աջակցելու, մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով երկու պետությունների սկզբունքին հավատարիմ մնալու մասին։

ԵԱՊ-ում ընդգծել են, որ Ադրբեջանը, ինչպես և Թուրքիան, աշխարհիկ պետություն է, իսկ դպրոցական համազգեստի և կրոնական հագուստի հարցերը վերաբերում են նրա ներքին քաղաքականությանը։

«Ոչ մի պետություն իրավունք չունի իր կամքը թելադրել մյուս մուսուլման ժողովուրդներին, միջամտել նրանց ներքին գործերին կամ իրեն մյուսներից վեր դասել»,— ասված է հայտարարության մեջ։

Կուսակցությունը դատապարտել է նաև նախագահ Իլհամ Ալիևի հասցեին հնչած վիրավորանքները և հիշեցրել, որ «Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքը ենթադրում է երկու անկախ պետությունների գոյություն, այլ ոչ թե մեկի իրավունքը՝ միջամտելու մյուսի գործերին։

ԵԱՊ-ն Թուրքիայի իշխող կուսակցությանը կոչ է արել հրաժարվել նման քաղաքականությունից, հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունը և զերծ մնալ քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել Բաքվի և Անկարայի հարաբերություններին։