«Starlink» արբանյակային կապի վերգետնյա կայանի վրա վերջերս տեղի ունեցած դիվերսիան Ռուսաստանի ձեռքի գործն է, հայտարարել են Լեհաստանի իշխանությունները։ Նրանց հարցմամբ Գերմանիայում Թուրքիայի երկու քաղաքացի է ձերբակալվել։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 23-ին Վարշավայից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող Վոլյա-Կրոբովսկա գյուղում «Starlink»-ի ենթակառուցվածքների դիտավորյալ հրդեհման համար, հայտնում է «Associated Press» գործակալությունը։
«Մենք կասկած չունենք, որ այս դիվերսիոն ակտի հետևում կանգնած են ռուսական հատուկ ծառայությունները»,— հայտարարել է լեհական հատուկ ծառայությունների աշխատանքը համակարգող նախարար Թոմաշ Սեմոնյակը։ Իսկ ռուսական հատուկ ծառայությունները, նրա խոսքով, անհամեմատ ավելի հաճախ են դիմում քրեական աշխարհի հետ կապված անձանց ծառայություններին։ Վարչապետ Դոնալդ Տուսկը X-ում գրել է, որ այս միջադեպը, որի հետևանքով հրդեհը ոչնչացրել է դրան միացված անտենաներով էլեկտրական բաշխիչ վահանակը, «հիբրիդային պատերազմի ևս մեկ ակտ է»։
Վահանակի մոտ հայտնաբերվել է «Մոլոտովի կոկտեյլին» նմանվող դյուրավառ հեղուկով շիշ։ Այս հրդեհումը դարձել է ամբողջ Եվրոպայում գրանցված ավելի քան 210 միջադեպերից մեկը, որոնք արևմտյան իշխանությունները համարում են Ռուսաստանի կողմից կազմակերպված դիվերսիաներ, սաբոտաժի ակտեր և վնասարարական գործունեություն։ 2025 թվականի մարտին AP-ն իր տվյալների բազայում ֆիքսել էր նման 59 դեպք։ Դեկտեմբերին դրանց թիվն արդեն հասել էր 145-ի։
Ռուսական հատուկ ծառայությունները «գրեթե ամենօրյա ռեժիմով դիվերսիաներ են իրականացնում», երեքշաբթի Վարշավայում ընթացող անվտանգության համաժողովի ժամանակ ասել է Սեմոնյակը։ «Չկա այնպիսի շաբաթ, որ նմանատիպ գործողություններ չլինեն»,— պարզաբանել է նա՝ նշելով, որ նույնը վերաբերում է նաև եվրոպական այլ երկրներին։ Նա նշել է, որ նմանատիպ գործողությունները հիմնականում վերաբերում են Ուկրաինային աջակցող երկրներին։





























