Գերմանիայի, Իտալիայի և Բելգիայի առաջնորդները կոչ են արել ստեղծել մեխանիզմ, որը ԵՄ երկրներին թույլ կտա կասեցնել նոր համաեվրոպական օրենքների ընդունումը, եթե նրանք համարեն, որ դրանք չափազանց մեծ բեռ են ստեղծում կառավարությունների և բիզնեսի համար, գրում է Politico-ն:
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային ուղղված նամակում նրանք առաջարկել են ներդնել «արտակարգ արգելակ»՝ եվրոպական տնտեսության մրցունակությունը բարձրացնելու համար։
Դիմումը ստորագրել են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին և Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը։ Նրանց կարծիքով՝ Եվրամիությանն անհրաժեշտ է արագացնել նախագծերի կազմման և համաձայնեցման ընթացակարգերը, ինչպես նաև որոշակի ժամկետով կասեցնել առանձին կարգավորիչ պահանջների գործողությունը՝ առաջնահերթությունների նոր մեխանիզմի շրջանակում։
«Կոչ ենք անում ընդունել կարգավորման պարզեցման նոր լայնածավալ միջոցառումների փաթեթներ, որոնք հնարավորություն կտան վճռական առաջընթաց գրանցել Եվրամիությունում բյուրոկրատիայի կրճատման գործում»,- ասվում է նամակում։
Փաստաթղթի հեղինակներն ընդգծել են, որ Եվրահանձնաժողովը նախ և առաջ պետք է նվազեցնի վարչական բեռը փոքր և միջին ձեռնարկությունների համար։
Երեք առաջնորդների կարծիքով՝ չափազանցված կարգավորումը և դրա հետ կապված ծախսերը կարող են հանգեցնել Եվրոպայի արդյունաբերական ներուժի անդառնալի կրճատման, ներդրումների հետագա թուլացման և եվրոպական տնտեսության մրցունակության նվազման։
Նախաձեռնությունը հնչել է ԵՄ արդյունաբերական հատվածում իրավիճակի վատթարացման հետնապատկերին և Եվրամիության անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների հանդիպումից մի քանի օր առաջ։ Նմանատիպ պահանջներ արդեն հնչեցվել էին մարտին՝ եվրոպական տնտեսության մրցունակությանը նվիրված գագաթնաժողովից հետո։
Եվրոպական խորհրդի երկօրյա գագաթնաժողովում, որը կսկսվի հինգշաբթի Բրյուսելում, ԵՄ երկրների առաջնորդները նաև կքննարկեն միավորման երկարաժամկետ բյուջեն, էներգակիրների գները և Ուկրաինային աջակցությունը։





























