ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական դիզելային վառելիքը Մոսկվայի հետ պայմանավորվածության շրջանակում նախատեսված է համաշխարհային շուկայի, այլ ոչ բացառապես Միացյալ Նահանգների համար: Նրա ասելով՝ մատակարարումների ավելացումը պետք է օգնի հաղթահարել վառելիքի համաշխարհային գների աճը, հաղորդում է Reuters-ը:
«Դիզելային վառելիքի այս գործարքը մեզ համար չէ։ Այն գնում է համաշխարհային շուկա, այլ ոչ թե մեզ մոտ»,- ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տան Հարավային մարգագետնում։
ԱՄՆ նախագահը պայմանավորվածությունը բացատրել է դիզելային վառելիքի պակասով և վերամշակման հզորությունների կրճատմամբ: Ըստ նրա՝ դիզվառելիք արտադրող նավթավերամշակման գործարանների շարքից դուրս գալը բացասաբար է անդրադառնում համաշխարհային շուկայի վրա:
Հոկտեմբերի 9-ին Թրամփը հայտնել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածության մասին, ըստ որի՝ Մոսկվան պետք է անհապաղ ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք մատակարարի ամերիկյան և համաշխարհային շուկաներ: Նա հայտարարել է նաև լրացուցիչ մատակարարումների ծրագրերի մասին՝ նոյեմբերին 500 հազար տոննա և ևս 1 միլիոն տոննա՝ հետագայում:
Պայմանավորվածությունը քննադատության է արժանացել ԱՄՆ-ում և Ուկրաինայում։ Գործարքին դեմ արտահայտվողները նշում են, որ ռուսական վառելիքի նկատմամբ սահմանափակումների թուլացումը կարող է Մոսկվային լրացուցիչ եկամուտներ բերել՝ Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի ֆոնին։ Բացի դրանից, ամերիկացի օրենսդիրները կասկածի տակ են դրել պայմանավորվածության համապատասխանությունը ռուսական էներգակիրների ներմուծման գործող սահմանափակումներին։
ԱՄՆ վարչակազմը ժամանակավորապես մեղմացրել է պատժամիջոցային սահմանափակումները ռուսական վառելիքի որոշ մատակարարումների նկատմամբ։ Թրամփն այս քայլը բացատրում է դիզվառելիքի գների աճը զսպելու անհրաժեշտությամբ, որն օգտագործվում է բեռնափոխադրումների, գյուղատնտեսության և ջեռուցման ոլորտներում։
Ընդ որում, վերլուծաբանները կասկածում են, որ ռուսական մատակարարումների լրացուցիչ ծավալներն ինքնին կկարողանան էապես նվազեցնել գները. իրավիճակի վրա ազդում են վերամշակման հզորությունների գլոբալ դեֆիցիտը և էներգակիրների մատակարարումների խափանումները։





























