Անմահ մեղեդիների ու հնչյունների մեծ վարպետ մաեստրո Լորիս Ճգնավորյանն Իրանի և Հայաստանի երկու վեհ ժողովուրդների միջև գոյություն ունեցող մշակութային, պատմական և մարդկային խոր կապերի վառ խորհրդանիշն է։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նա, մասնավորապես, նշել է. «Իր բարձրարվեստ ստեղծագործություններով այս մեծանուն երաժիշտը ոչ միայն նոր շունչ է հաղորդել հինավուրց ու հավերժական էպոսներին՝ դրանք մարմնավորելով հնչեղ սիմֆոնիաներում, այլև իր վեհ հոգու խորքերից աշխարհին է փոխանցել խաղաղության, բարեկամության և խաղաղ համակեցության պատգամը՝ արտահայտված երաժշտության համամարդկային լեզվով։

Մաեստրո Ճգնավորյանը արվեստից ու լույսից կերտված ամուր կամուրջ է Իրանի և Հայաստանի ժողովուրդների սրտերի միջև։ Այդ կամուրջը խարսխված է երկու ժողովուրդների դարավոր փոխադարձ հարգանքի, մշակութային փոխգործակցության և ընդհանուր ժառանգության վրա։

Նրա ստեղծագործությունների հնչյուններում մարմնավորվում է իրանական էպիկական ավանդույթի և մտքի ու հայ ժողովրդի վեհ հոգևոր ոգու և արվեստաստեղծ ներուժի բացառիկ համադրությունը։

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը մեծ հպարտությամբ և ուրախությամբ շնորհավորում է միջազգային ճանաչում ունեցող այս նշանավոր կոմպոզիտորին, դիրիժորին և մշակույթի երախտավոր գործչին ծննդյան օրվա առթիվ՝ լավագույն մաղթանքները հղելով նրան, նրա հարգարժան ընտանիքին, երկու երկրների արվեստագետներին և իրական արվեստի բոլոր երկրպագուներին։

Արվեստի այս մեծանուն գանձի և հպարտ դեսպանի համար Ամենակարող Աստծուց հայցում ենք առողջություն, պատվաբեր ու երկար կյանք և ստեղծագործական արգասաբեր տարիների շարունակություն։