Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատում ԵԱՀԿ-ի և Շվեյցարիայի հետ համագործակցությունը։ Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 15-ին Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ և Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացիո Կասիսի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում։

Նախարարի գնահատմամբ՝ բանակցությունները բովանդակալից էին, կողմերն անդրադարձել են համագործակցության օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասի տարածաշրջանում հաստատված խաղաղությանը։

Կողմերը կարծիքներ են փոխանակել տնտեսական և բնապահպանական համագործակցության շուրջ, ինչը հատկապես խորհրդանշական է հայկական մայրաքաղաքում COP17-ի բացման նախօրեին։ Միրզոյանը բարձր է գնահատել Շվեյցարիայի հետ երկկողմ հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունը, որոնց նպաստում է նաև Բեռնում դեսպանատան բացումը։ Նախարարը հիշեցրել է, որ Շվեյցարիան աջակցություն է ցուցաբերում ոչ միայն բարեփոխումներին, այլև Հայաստանի անտառների վերականգնմանը։

Իր հերթին Իգնասիո Կասիսը նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան, և ինքը տպավորված է, թե ինչպիսի տեղ է զբաղեցնում պատմությունը երկրում ու նրա ճարտարապետության մեջ։ Համամիտ լինելով դեսպանության բացման կարևորությանն ու հարաբերությունների բարձր մակարդակին՝ Կասիսն արձանագրել է ընթացիկ տարում ՀՀ-ում բազմաթիվ միջոցառումների անցկացումը, օրինակ՝ մայիսին կայացած ԵԺԿ 9-րդ գագաթնաժողովը։ Հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Շվեյցարիայում։ ԵԱՀԿ նախարարական համաժողովն էլ կանցկացվի Լուգանոյում, որտեղ ես ծնվել եմ, հայտնել է Կասիսը։