Ամերիկյան Citizens for Responsibility and Ethics in Washington (CREW) կազմակերպությունը հայց է ներկայացրել դատարան ԱՄՆ նախագահի փեսայի և նրա հատուկ բանագնաց Ջարեդ Քուշների դեմ՝ նրան մեղադրելով ապօրինի կերպով դիվանագիտական գործառույթների իրականացման մեջ։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։

CREW-ի ներկայացուցիչները պահանջում են արգելել Քուշներին աշխատել որպես ամերիկյան առաջնորդի բանագնաց՝ մինչև պաշտոնակատարման նշանակման պահանջների պահպանումը, և պարտավորեցնել նրան հրապարակել ֆինանսական տեղեկատվությունը։

Կազմակերպությունում ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Դոնալդ Թրամփի նախագահական երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր Քուշներն օժտված է զգալի դիվանագիտական լիազորություններով։ Մասնավորապես, նա ներկայացնում է ԱՄՆ-ն Ռուսաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև իրանական կողմի ու այլ պաշտոնյաների հետ բանակցություններում։ Ընդ որում, նա չի անցել Սենատի հաստատումը և չի ներկայացրել աշխատավարձի վերաբերյալ ֆինանսական հայտարարագրեր, նշել են հայցվորները։

Միևնույն ժամանակ, Թրամփի փեսան ղեկավարում է Affinity Partners ներդրումային ընկերությունը, որի միջոցների շուրջ 99%-ը, ինչպես պնդում են հայցվորները, պատկանում է Սաուդյան Արաբիայի, Կատարի, ԱՄԷ-ի և այլ երկրների օտարերկրյա ներդրողներին։ CREW-ում կարծում են, որ բիզնեսի և դիվանագիտական աշխատանքի հատումը կարող է շահերի բախման ռիսկեր ստեղծել։

Bloomberg գործակալության տվյալներով՝ Քուշների փաստաբանը հայցն անվանել է անհիմն և կասկածի տակ դրել հայցվորների՝ այն ներկայացնելու իրավունքը։ Սպիտակ տանը նույնպես մերժել են կազմակերպության ներկայացրած հավակնությունները։