ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նշանակած Կովկասի համար նախատեսված ներդրումային հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը խոշոր ակտիվներ ունի Հայաստանում և նախկինում ղեկավարել է ներդրումային կառույց, որը հայտարարել էր ռուսական իշխանությունների հետ սերտ կապերի մասին, գրում է Reuters գործակալությունը։

Էթիկայի հարցերով փորձագետների կարծիքով՝ դա կարող է շահերի բախում առաջացնել ամերիկյան պետական միջոցների բաշխման ժամանակ։ Միևնույն ժամանակ Reuters-ը գործարարի կողմից որևէ իրավախախտման ապացույցներ չի հայտնաբերել։

Ռուսաստանում ծնված 51-ամյա Սոկոլովը 2026 թվականի հունվարին գլխավորել է Trans-Caspian Enterprise Fund ներդրումային հիմնադրամը։ Դրա ֆինանսավորման ծավալը կազմում է 201 միլիոն դոլար։ Հիմնադրամը կոչված է նպաստելու Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում առևտրի ու ներդրումների զարգացմանը, այդ թվում՝ ԱՄՆ-ի այն ջանքերի շրջանակում, որոնք միտված են տարածաշրջանի կախվածությունը ռուսական և չինական ենթակառուցվածքներից նվազեցնելուն։

Սոկոլովը զգալի գործարար շահեր ունի Հայաստանում։ 2024 թվականի հունվարին նա և նրա չինացի գործընկեր Չժան Չժենը վերահսկողություն են ստացել երկրի խոշորագույն բջջային օպերատոր Viva Armenia ընկերության նկատմամբ՝ այն ձեռք բերելով ռուսական ՄՏՍ-ից։ Բացի դրանից, Սոկոլովի հետ կապված թեքսասյան Dynamic Frontier Holdings ընկերությունը ձեռք է բերել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, որը նախկինում պատկանել է ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող ռուսական պետական ՎՏԲ բանկին։ Գործարքն իրականացնելու համար ընկերությունը ստացել է ԱՄՆ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվությունը։

Սոկոլովի ղեկավարած հիմնադրամը կարող է դրամաշնորհներ տրամադրել, վարկեր տալ և ներդրումներ կատարել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում իրականացվող նախագծերում։ Գերակա ուղղությունների թվում են ռազմավարական նշանակության օգտակար հանածոների արդյունահանումը, էներգետիկան և երկաթուղային ենթակառուցվածքը։

Reuters-ի տվյալներով՝ Եգիպտոսում, Թունիսում, ինչպես նաև Ուկրաինայում և Մոլդովայում գործող ամերիկյան երեք այլ ներդրումային հիմնադրամների ղեկավարները չունեն համադրելի խոշոր գործարար շահեր այն երկրներում, որտեղ գործում են այդ կառույցները։

Հետաքննության նյութերն ուսումնասիրած էթիկայի հարցերով վեց փորձագետներ հայտարարել են, որ Սոկոլովի գործարար շահերը շահերի բախման վտանգ են ստեղծում․ նրա ղեկավարած կառույցը տնօրինում է պետական միջոցներ, որոնք պոտենցիալ կարող են օգտակար լինել իր սեփական ընկերություններին։ Սանտա Կլարայի համալսարանի փորձագետ Էնն Սքիթը կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է ուսումնասիրի իրավիճակը։

Սոկոլովի IJS Investments ներդրումային ընկերության ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ հիմնադրամը իրավունք չունի միջոցներ ներդնել իր ղեկավարի բիզնեսներում, և որ Սոկոլովը կատարել է ստուգման ու անվտանգության բոլոր պահանջները։ ԱՄՆ Պետքարտուղարությունում հայտնել են, որ հիմնադրամը կհետևի տարեկան հաշվետվության, անկախ աուդիտի և շահերի բախման կանխարգելման կանոններին։ Նման հիմնադրամների գործունեությունը կարգավորող ամերիկյան օրենսդրությունն ուղղակիորեն չի արգելում դրանց ղեկավարներին ունենալ ակտիվներ այն երկրներում, ուր ուղղվում են ներդրումները։

Լրացուցիչ հարցեր է առաջացրել նաև Սոկոլովի նախկին գործունեությունը Ռուսաստանում։ Ռուսական անշարժ գույքի վրա մասնագիտացած, Լիխտենշտեյնում գրանցված և այժմ փակված Gotthard Investment Fund ներդրումային հիմնադրամի 2015 թվականի գովազդային բրոշյուրում Սոկոլովը նշված էր որպես կառավարիչ։ Փաստաթղթում խոսվում էր Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի դաշնային մարմինների իշխանությունների հետ 20 տարվա ընթացքում ձևավորված «ամուր և վաղեմի անձնական ու մասնագիտական վստահելի հարաբերությունների» մասին։

Հիմնադրամի նախագծերից մեկի նախկին ղեկավարը Reuters-ին հաստատել է բրոշյուրի իսկությունը։ Սակայն Սոկոլովի փաստաբանները հայտարարել են, որ նա կասկածում է դրա իսկությանը, իսկ գործարարի ներկայացուցիչը շեշտել է, որ նա հարաբերություններ չի պահպանում ռուսական իշխանությունների հետ և չունի Ռուսաստանի քաղաքացիություն։ Վերջին պնդումը գործակալությանը անկախորեն հաստատել չի հաջողվել։ Ըստ Reuters-ի ուսումնասիրած ճանապարհորդական փաստաթղթերի՝ Սոկոլովը միջազգային ուղևորությունների համար ռուսական անձնագիր է օգտագործել առնվազն մինչև 2016 թվականը։

Սոկոլովը նաև եղել է Սպիտակ տանը պարահանդեսների սրահի կառուցման նախագծի դոնորների թվում։ ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նա մոտ 13 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետական քաղաքական կազմակերպություններին։

Սպիտակ տունը Սոկոլովի վերաբերյալ հարցերը վերահասցեագրել է Պետքարտուղարությանը, որը մանրամասներ չի ներկայացրել նրա կենսագրության ստուգման և գաղտնի տեղեկատվության հասանելիության թույլտվության վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Reuters-ի հարցումը, հայտարարել է, որ Կրեմլում չգիտեն, թե ում մասին է խոսքը։