Ադրբեջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները հիշեցնում են Թունիսում Զին էլ-Աբիդին Բեն Ալիի կամ Սիրիայում Բաշար Ասադի օրոք ստեղծված իրավիճակը։ Յուրաքանչյուր վերելքից հետո գալիս է անկում, և յուրաքանչյուր բռնապետի համար վաղ թե ուշ գալիս է վերջը, գրել է հնդկական Unmid.com պորտալը։
«Ադրբեջանում վերջին բողոքի ցույցերը պայմանավորված են Իլհամ Ալիևի և իշխող կլանի գործողություններով, հատկապես այն հաղորդումներով, թե աշակերտուհիներին և ուսուցչուհիներին ստիպում են հանել գլխաշորերը։ Սա տեղի է ունենում մի երկրում, որի բնակչության մեծամասնությունը իսլամ է դավանում, թեև պետական քաղաքականությունը միշտ չէ, որ արտացոլում է քաղաքացիների կրոնական հայացքները։ Խորհրդային դարաշրջանը վաղուց անցյալում է մնացել, սակայն նախկին խորհրդային բազմաթիվ հանրապետություններում, այդ թվում՝ Ադրբեջանում, իշխանության ղեկին շարունակում են մնալ ղեկավարներ, որոնք ձևավորվել են դրա ժառանգության ազդեցության ներքո։
Հիջաբ կրելու սահմանափակումների դեմ բողոքները կարող են վերաճել ավելի լայնածավալ ճգնաժամի։ Ալիևի համար կարող է ավելի դժվար դառնալ իշխանությունը պահելն այն պայմաններում, երբ Ռուսաստանն այլևս լիովին հուսալի գործընկեր չի թվում, իսկ հարևան Իրանն ու Հայաստանը նրա դաշնակիցները չեն։
Ավելի կարևոր է այն, որ Թուրքիան և Պակիստանը՝ Ադրբեջանի վաղեմի և ամենամոտ գործընկերները, դժվար թե կարողանան անվերապահորեն աջակցել այն քաղաքականությանը, որը շատ հավատացյալ մուսուլմաններ համարում են իսլամին հակասող, ոչ ժողովրդավարական և ճնշող։ Նույնիսկ եթե այդ երկրների կառավարությունները ցանկանան քաղաքական աջակցություն ցուցաբերել Ալիևին, սահմանափակումների պատճառով հանրային վրդովմունքը կարող է բարդացնել այդ քայլը։
Թուրքիան արդեն այն երկիրը չէ, ինչպիսին էր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի օրոք, որի կառավարությունը սահմանափակումներ էր մտցնում հանրային կյանքում գլխաշոր կրելու նկատմամբ։ Իսկ Պակիստանում հանրային կարծիքը հաճախ ակտիվորեն արձագանքում է այն հարցերին, որոնք ընկալվում են որպես իսլամի հետ կապված, նույնիսկ եթե երկրի քաղաքական և ռազմական ղեկավարությունը միշտ չէ, որ հետևում է հռչակված սկզբունքներին։ Երկու երկրներում էլ քաղաքականությունը, որը կհամարվի մուսուլմանների կրոնական ինքնարտահայտման դեմ ոտնձգություն, կարող է առաջացնել ադրբեջանական ղեկավարության հասցեին սուր հանրային քննադատություն։
Միևնույն ժամանակ, Եվրոպան և ԱՄՆ-ը դժվար թե շտապեն պաշտպանել Ալիևին։ Ղարաբաղի շուրջ պատերազմներն ու Հայաստանի հետ հակամարտությունը մեծապես ձևավորել են Ադրբեջանի միջազգային կապերը, իսկ Թուրքիան վճռորոշ դեր է խաղացել Բաքվի ռազմական հաղթանակն ապահովելու հարցում։ Արևմտյան կառավարություններն ունեն իրենց ռազմավարական շահերը, հատկապես Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի ֆոնին, ուստի նրանց արձագանքը կարող է սահմանափակվել հայտարարություններով և ԶԼՄ-ներում մեկնաբանություններով։
Ոմանք կարող են հանդես գալ Ադրբեջանի պաշտպանությամբ՝ աշխարհիկության անունից։ Սակայն նման փաստարկները ընտրողական են թվում, եթե ժողովրդավարական սկզբունքները հետևողականորեն չեն կիրառվում հիմնականում մուսուլմանաբնակ երկրներում։
Իսրայելը, հավանաբար, այս հարցում Ադրբեջանի ամենատեսանելի գործընկերն է, սակայն այն երկրից բաժանված է զգալի հեռավորությամբ և ի վիճակի չէ երաշխավորել Ալիևի իշխանության պահպանումը։ Իսրայելի դիմակայությունը Իրանի հետ և ԱՄՆ ու Իսրայելի մասնակցությամբ ավելի լայն տարածաշրջանային հակամարտությունը լրացուցիչ սահմանափակում են Թել Ավիվի հնարավորությունները՝ Բաքվին էական աջակցություն ցուցաբերելու հարցում։
Ավելին, որքան ավելի բացահայտ Իսրայելն աջակցի Ադրբեջանին մի հարցում, որը շոշափում է մուսուլմանների կրոնական զգացմունքները, այնքան ավելի է Բաքուն ռիսկի ենթարկվում մուսուլմանական աշխարհում քաղաքական մեկուսացման մեջ հայտնվելու։
Այս պահին, ըստ երևույթին, Ադրբեջանն այս հարցում քիչ հուսալի կողմնակիցներ ունի՝ թե՛ հարևանների շրջանում, թե՛ ավելի լայն մուսուլմանական աշխարհում, այդ թվում՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունում և Պարսից ծոցի արաբական պետությունների մեջ։
Շատ մուսուլմաններ, որոնք Ղարաբաղի պատերազմի ժամանակ համակրում էին Ադրբեջանին, այժմ վրդովված են այն քաղաքականությունից, որը համարում են հակաիսլամական և իսլամատյաց և որն իրականացվում է աշխարհիկության քողի տակ։
Կարևոր է նաև ավելի լայն տարածաշրջանային համատեքստը։ Ադրբեջանցիների մեծամասնությունը շիա մուսուլմաններ են, որոնք Իրանի հետ կապված են ընդհանուր կրոնական ավանդույթներով։ Միևնույն ժամանակ, լեզվական և մշակութային կապերը նրանցից շատերին մերձեցնում են Թուրքիային, որտեղ գերակշռում են սուննի մուսուլմանները։
Նույնիսկ եթե Թեհրանի և Անկարայի իշխանությունները ներկայիս աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով զերծ մնան Բաքվի նկատմամբ բացահայտ ճնշում գործադրելուց, հարևան երկրներում հանրային տրամադրությունները, միևնույն է, կարող են ազդել ադրբեջանցիների վրա ընտանեկան կապերի, կրոնական մերձության և մշակութային փոխանակման միջոցով։
Առայժմ բողոքի ակցիաները, դատելով առկա տեղեկություններից, մնում են սահմանափակ և հիմնականում կապված են դպրոցների հետ։ Ապացույցներ, որ դրանք ղեկավարվում են արտաքին ուժերի կողմից, չկան։ Սակայն իրավիճակը կարող է աստիճանաբար փոխվել։ Եթե սահմանափակումները պահպանվեն, ցույցերը կարող են տարածվել, իսկ տարածաշրջանային քաղաքականության մյուս դերակատարները ժամանակի ընթացքում կարող են փորձել օգտվել անկայունությունից։
Ալիևը չպետք է թերագնահատի բողոքները կամ կարծի, թե միայն ճնշող միջոցները բավարար կլինեն դրանք ճնշելու համար։
Նրա համար ամենաանվտանգ ճանապարհը սահմանափակումները վերացնելն է և սեփական քաղաքացիների կրոնական ազատություններն ու արժանապատվությունը հարգելը։ Կառավարությունը, որը հավատքի անձնական հարցը վերածում է բնակչության հետ առճակատման, ռիսկի է դիմում հրահրելու մճգնաժամ, որն այլևս չի կարողանա վերահսկել։
Ոչ մի իշխող չի կարող անվերջ ճնշել մի ամբողջ ժողովրդի ձգտումները։ Եթե Ալիևը շարունակի գնալ այս ճանապարհով, նա իսկապես կարող է ինքն իրեն քաղաքական գերեզման փորել»։





























