Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասը Եվրոպայի և ԱՄՆ հարաբերություններն անվանել է «շատ բարդ»։ Այս մասին նա հայտնել է Եվրոպական խորհրդի նիստից առաջ՝ մեկնաբանելով ամերիկյան վարչակազմի վերջին որոշումները։
«Ինչպես տեսնում եք, մեր ամերիկացի դաշնակիցների հետ երբեմն ամեն ինչ շատ բարդ է», — ասել է Կալասը լրագրողներին։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը փորձում է ամերիկացի գործընկերներին համոզել Մոսկվայի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտության մեջ։ «Մենք նաև փորձում ենք մեր ամերիկացի գործընկերներին համոզել, որ եթե ցանկանում ենք վերջ դնել այս պատերազմին, անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը ագրեսորի վրա։ Խոսքը ոչ միայն ներկայիս պատերազմի ավարտի է, այլև այն մասին, որպեսզի թույլ չտրվեն Ռուսաստանի կողմից սանձազերծվող նոր պատերազմներ», — ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։





























