Երևանում ընթացող առաջնորդների այսօրվա գագաթնաժողովը արժեքավոր հնարավորություն է տալիս հաստատելու պետությունների ընդհանուր քաղաքական կամքը՝ ուղղված մոլորակի կենսաբազմազանության պահպանմանը, ինչպես նաև ստանձնած պարտավորություններից կոնկրետ գործնական քայլերի անցմանը։ Այս մասին հոկտեմբերի 16-ին COP17-ի շրջանակում անցկացվող «Կենսաբազմազանության առաջնորդներ» գագաթնաժողովի ընթացքում հայտնել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։

«Համոզված եմ, որ COP17-ը լրացուցիչ խթան կհաղորդի պետությունների ստանձնած պարտավորությունների կատարմանը և միջազգային համագործակցության ամրապնդմանը։

Թուրքմենստանը կրկին հաստատում է իր պատրաստակամությունը՝ կառուցողական փոխգործակցություն ծավալել բոլոր շահագրգիռ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ։ Մենք հավատում ենք, որ քաղաքական կամքի, գիտական գիտելիքների և գործնական հնարավորությունների միավորումը թույլ կտա պահպանել մեր մոլորակի բնական ժառանգությունը՝ ի բարօրություն ներկա և ապագա սերունդների։

Կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ միջազգային ջանքերի հիմքում պետք է լինեն արդարության, համերաշխության և իրավահավասար գործընկերության սկզբունքները։ Այս գործընթացում կարևոր դեր պետք է ունենան բազմակողմ համագործակցության մեխանիզմները, որոնք պետություններին հնարավորություն են տալիս միավորելու իրենց փորձը, գիտելիքները և ներուժը՝ ընդհանուր բնապահպանական նպատակներին հասնելու համար։

Թուրքմենստանը հետևողականորեն աջակցում է ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին, ինչպես նաև Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրին։ Մենք ելնում ենք նրանից, որ կենսաբազմազանության կորուստը, կլիմայի փոփոխությունը, անապատացումը և հողերի դեգրադացիան փոխկապակցված մարտահրավերներ են, որոնք անմիջականորեն առնչվում են երկրների բնապահպանական անվտանգությանը և կայուն զարգացմանը։

Թուրքմենստանում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Կասպից ծովի էկոլոգիական բարեկեցությանը, Արալյան ծովի ավազանի էկոհամակարգերի պահպանմանը և անապատացման դեմ պայքարին։

Թուրքմենստանը կշարունակի առաջ մղել նախաձեռնություններ, որոնք ուղղված են բնապահպանական անվտանգության և կլիմայական կայունության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդմանը», — նշել է Բերդիմուհամեդովը։