Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հարցը, թե ով կլինի Ուկրաինայի ղեկավարը, պետք է որոշի ուկրաինացի ժողովուրդը, ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին նա ասել է լրագրողների՝ ներկայիս ուկրաինական ղեկավարության պայմաններում խաղաղության հասնելու հեռանկարների վերաբերյալ հարցերին պատասխանելիս, հայտնել է ԲԵԼՏԱ-ն։

«Ինձնից որպես քաղաքական գործչի՞ եք ուզում պատասխան ստանալ, թե՞ ըստ էության։ Եթե ըստ էության՝ սա իմ հավատամքն է․ սա Թրամփի հարցը չէ։ Ով կլինի Ուկրաինայի նախագահը՝ կվճռի ուկրաինացի ժողովուրդը»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Միաժամանակ, բելառուս առաջնորդը հիշեցրել է, որ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ խոստացել էր զբաղեցնել նախագահի պաշտոնը միայն մեկ ժամկետով։

«Պետք է կատարել խոստումները։ Պետք է գնալ ընտրությունների։ Այստեղ Թրամփը ճիշտ է․ խոստացել ես՝ պետք է կատարել խոստումները։ Բայց պետք չէ թելադրել։ Թրամփը չպետք է թելադրի, թե ինչպես պետք է վարվի Ուկրաինան»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նա նաև նշել է, որ պատերազմի ավարտը բխում է թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի շահերից, քանի որ ռազմական գործողությունների շարունակումը բացասական հետևանքներ է ունենում երկու երկրների համար։

«Եվ այդ խաղաղությունը կլինի։ Եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի։ Ես դրանում բացարձակապես համոզված եմ»,- ասել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոյի խոսքով՝ ԱՄՆ-ը Ռուսաստանին հասկացնում է, որ պատրաստ է քննարկել պատժամիջոցների վերացումը և պայմանավորվածությունների այլ տարբերակներ, սակայն զգուշացնում է․ եթե Ուկրաինայի հետ համաձայնություն չձեռք բերվի, ապա հաջորդ տարի իրավիճակը կարող է էլ ավելի բարդանալ։ Միաժամանակ, ինչպես պնդում է բելառուս առաջնորդը, պատժամիջոցները կարող են պահպանվել նույնիսկ այն դեպքում, եթե Ռուսաստանը վերահսկողություն հաստատի Ուկրաինայի ամբողջ տարածքի նկատմամբ։

«Եթե անկեղծ, փաստ չէ, որ մեր և ռուսների կողքին ինչ-որ մեկը կանգնած կլինի»,- հավելել է Լուկաշենկոն՝ խոսելով իրադարձությունների հնարավոր անբարենպաստ զարգացման մասին։

Նրա կարծիքով՝ տարբեր գործոններ երկու կողմերին էլ մղում են կարգավորման, քանի որ նախկին ծավալով ռազմական գործողությունները շարունակելը ավելի դժվար է դառնում։

«Այդ մարդասիրական, մարդկային նկատառումներից ելնելով՝ այնտեղ խաղաղություն է պետք։ Եվ այն կլինի։ Կուզենայի, որ արդեն հաջորդ տարի այս պատերազմն ավարտվեր։ Իսկ եթե այս տարի, ապա ընդհանրապես հրաշալի կլինի։ Մենք դրա կողմնակիցն ենք և այդ առումով կանենք ամեն ինչ»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նա ընդգծել է, որ ցանկացած զինված հակամարտություն վերջիվերջո ավարտվում է խաղաղությամբ, ուստի ավելի լավ է դրան հասնել որքան հնարավոր է շուտ։

«Ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղությամբ։ Այդ պատճառով ավելի լավ է շուտ, քան ուշ»,- եզրափակել է Բելառուսի նախագահը։