Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երևանում COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Հանդիպման մասին տեղեկությունը տարածել են Վրաստանի կառավարության վարչակազմը և Թբիլիսիում Իրանի դեսպանատունը։
Վրացական կողմի տվյալներով՝ քննարկվել են երկու երկրի միջև հարաբերությունները։ Նշվել է զբոսաշրջության ոլորտում համագործակցության դրական դինամիկան։
«Բացի դրանից, կողմերն ուշադրություն են դարձրել տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Վրաստանի վարչապետը կրկին ընդգծել է երկխոսության և դիվանագիտական ջանքերի առանձնահատուկ կարևորությունը՝ լարվածության թուլացման և երկարաժամկետ խաղաղության ապահովման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իրանի դեսպանատունն իր հերթին հայտնել է, որ կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ կապված Թեհրանի և Թբիլիսիի միջև փոխշահավետ գործընկերության զարգացման հետ։
Առաջնորդների գագաթնաժողովը տեղի է ունենում հոկտեմբերի 15-16-ին Երևանում՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հիմնական նստաշրջանից առաջ։ Հայաստանի ԱԳՆ տվյալներով՝ COP17-ի նախարարական հատվածին մասնակցում է տարբեր երկրների մինչև 50 առաջնորդ։
Թբիլիսին և Թեհրանը շարունակում են զարգացնել երկկողմ շփումները Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների և տարածաշրջանում պահպանվող լարվածության ֆոնին։
Վրաստանը Իրանի դեմ սեփական սահմանափակումներ չի կիրառել, սակայն միջազգային պատժամիջոցներն ազդում են երկրների միջև տնտեսական կապերի վրա։ Մասնավորապես, սեպտեմբերին ամերիկյան պատժամիջոցների կիրառությունից հետո դադարեցվել են իրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան։





























