ԱՄՆ Օրեգոն նահանգի Բենդ քաղաքում գտնվող Silver Rail Elementary տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել են 5, 8 և 11 տարեկան երեք երեխա և 25-ամյա ուսուցչուհի։ Եվս մեկ յոթամյա աղջիկ և 54-ամյա ուսուցչուհի վիրավորվել են, հայտնում է CBS News-ը։
Հարձակվողը՝ 16-ամյա Գրիֆին Ջոն Երկրորդը, գնդակահարվել է ականատեսի կողմից, ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Բենդի ոստիկանապետ Մայք Քրանցը։
Ոստիկանության տվյալներով՝ դեռահասը նախկինում սովորել է այս դպրոցում։ Նա ոտքով մոտեցել է ցանկապատին, նրա վրայով նետել է ողորկափող հրացանը, ապա ինքն էլ բարձրացել է։ Դրանից հետո նա կրակ է բացել անցնող պիկապի վարորդի ուղղությամբ։ Տղամարդը զանգահարել է արտակարգ ծառայություններին։
Մեկ այլ ականատես՝ 36-ամյա Քեյլուբ Ջիամանկոն, այս դպրոցի երկու աշակերտուհիների հայրը, ականատես է եղել դեպքին և ուղևորվել է դեպի դպրոցի կայանատեղի։ Զինվելով օրինական կերպով ձեռք բերված ատրճանակով՝ նա մտել է շենք և դասարանում հայտնաբերել հարձակվողին, որտեղ վերջինս ֆիզիկական պայքարի մեջ էր մտել ուսուցչուհու հետ։ Ջիամանկոն մի քանի անգամ կրակել է դեռահասի վրա, որը տեղում մահացել է։
Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողը շենք է ներթափանցել՝ կրակելով երկփեղկ դռների ապակեպատ հատվածների վրա։ Այնուհետև նա մտել է մոտակա դասարան և կրակ բացել։ Բոլոր զոհվածներն ու վիրավորները գտնվել են հենց այդ սենյակում։
Քրանցը առանձին ընդգծել է ուսուցչուհու գործողությունները, որը բջջային հեռախոսը նետել է հարձակվողի վրա, ապա նետվել նրա վրա և փորձել խլել զենքը։ Նա վնասվածքներ չի ստացել։ Ոստիկանապետի խոսքով՝ նրա գործողությունները, հավանաբար, օգնել են կանխել նոր զոհերը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ դեռահասը օգտագործել է իր մոր կողմից գնված Maverick 88 12 տրամաչափի պոմպային ողորկափող հրացան։ Հրաձգության վայրում հայտնաբերվել են զենքն ու ևս 44 փամփուշտ։ Ոստիկանության գնահատմամբ՝ հարձակվողը հասցրել է կատարել մինչև 15 կրակոց։
Զոհված հինգ տարեկան երեխային ճանաչել են որպես Ռոամա Սամմեր, իսկ սպանված ուսուցչուհուն՝ որպես Մեգան Լամբերտ։ Մյուս երկու զոհված երեխաների ընտանիքները դեռևս չեն հրապարակել նրանց անունները։ Յոթամյա աղջիկը գտնվում է ծանր, բայց կայուն վիճակում, իսկ 54-ամյա ուսուցչուհի Բեքի Դրուրիի վնասվածքները լուրջ են, սակայն նրա կյանքին չեն սպառնում։
Հարձակման դրդապատճառը դեռ անհայտ է։ Քննիչներն ուսումնասիրում են դեռահասի համակարգիչը, հեռախոսը, սոցիալական ցանցերի հաշիվներն ու որոնումների պատմությունը, այդ թվում՝ ստուգում են, թե արդյոք նա հետաքրքրություն է ցուցաբերել զանգվածային սպանությունների նկատմամբ։ Իշխանություններն ընդգծում են, որ հետաքննությունը գտնվում է սկզբնական փուլում։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ 2020 թվականին դեռահասի մայրը հեռուստաալիքին պատմել էր նրա հատուկ կրթական կարիքների և համավարակի ժամանակ հեռավար ուսուցման հետ կապված դժվարությունների մասին։ Ուրբաթ օրը դպրոցի սուպերինտենդանտ Սթիվեն Կուկը հաստատել է, որ Ջոնը նույնպես հատուկ կրթական կարիքներ ունեցող աշակերտ էր, իսկ հրաձգությունը տեղի է ունեցել հատուկ աջակցության կարիք ունեցող երեխաների դասարանում։





























