Մեծ Բրիտանիայի դատարանը Նորվեգիայի 19-ամյա քաղաքացի Յոհաննես Կոնգսնես Նատլանդին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ Իրանի հետ կապերի մեջ մեղադրվող միջազգային հանցավոր խմբավորման պատվերով սպանություն ծրագրելու համար, հայտնում է The Guardian-ը։
Ըստ գործի նյութերի՝ իրեն անծանոթ մարդու սպանության դիմաց երիտասարդին խոստացել էին 25 հազար եվրո (մոտ 21,5 հազար ֆունտ ստերլինգ)։
Նախկինում ֆուտբոլով զբաղված Նատլանդը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքից Մեծ Բրիտանիա էր ժամանել 2025 թվականի մարտին։ Ընդամենը երկու օր անց զինված ոստիկանությունը նրան ձերբակալել էր Արևմտյան Յորքշիր կոմսության Հադերսֆիլդ քաղաքի «Briar Court» հյուրանոցում։ Նրա մոտ հայտնաբերվել էին կիսաավտոմատ ատրճանակ, ռևոլվեր, 12 մարտական փամփուշտ և ձեռնոցներ։
Քննության տվյալներով՝ Մանչեսթերի օդանավակայան ժամանելուն պես սահմանապահները կանգնեցրել են Նատլանդին, ապա ազատ արձակել՝ առաջիկա ուղիղ չվերթով տուն վերադառնալու պայմանով։ Սակայն նա, օդանավակայան վերադառնալու փոխարեն, տաքսիով ուղևորվել է Հադերսֆիլդ, որտեղ ստացել է զենք, զինամթերք և 2000 ֆունտ ստերլինգ կանխիկ դրամ։ Նրան նաև ցույց են տվել կեղծ համարանիշերով հափշտակված Nissan մակնիշի ավտոմեքենան, որը նախատեսվում էր օգտագործել սպանությունն իրականացնելիս։
Հյուրանոցում Նատլանդը լուսանկարվել է մահճակալին փռված զենքի ու փողերի հետ, ինչպես նաև ընկերուհու մոտ պարծեցել, թե պայուսակում «զենքեր ունի»։ Հաջորդ առավոտյան՝ ժամը 5:15-ի սահմաններում, զինված ոստիկանությունը ձերբակալել է նրան։ Այդ պահին նա դեռ չէր հասցրել ի կատար ածել պատվերը։
Գործի նյութերի համաձայն՝ Նատլանդին հավաքագրել էր «Գեներալեն» մականունով մեկ այլ դեռահաս, որն աշխատում էր շվեդական Foxtrot հանցավոր խմբավորման համար։ Մեղադրող կողմի պնդմամբ՝ այս կազմակերպությունը վայելում է իրանական ռեժիմի աջակցությունը և անչափահասներին ներգրավում նարկոբիզնեսի ու բռնի հանցագործությունների մեջ։ Քննության տվյալներով՝ գործողությունը ղեկավարել է «Agent 47» կեղծանունով անգլախոս համակարգողը, ինչը, ամենայն հավանականությամբ, հղում է Hitman տեսախաղերի և ֆիլմաշարի հայտնի կերպարին։ Նրա ինքնությունը և գտնվելու վայրը պարզել չի հաջողվել։
Նատլանդն ընդունել է իր մեղքը ապօրինի զենք-զինամթերք կրելու համար, սակայն հերքել է, որ եղել է միջազգային վարձու մարդասպան։ Դատարանում նա պնդել է, թե մտադիր էր կրակել իր ոտքին, որպեսզի դուրս գար ստեղծված իրավիճակից։ Այնուամենայնիվ, երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել սպանություն ծրագրելու մեջ։
Դատավոր Չիմա-Գրաբն ընդգծել է, որ Նատլանդի նամակագրությունը վկայում էր ոչ միայն հանցագործության նախապատրաստմանը մասնակցելու, այլև այն մասին, որ «որոշ պահերի նա ոգևորությամբ էր մոտենում մտադրվածին»։
Դատավորի խոսքով՝ երիտասարդը բազմիցս հնարավորություն է ունեցել հրաժարվելու հանցագործությունից, սակայն շարունակել է իրականացնել իրեն վերապահված դերը։
Նա նաև շեշտել է, որ զոհերի և տուժածների բացակայությունը, անշուշտ, էական է, սակայն առանց ոստիկանության միջամտության Նատլանդը «ամենայն հավանականությամբ կիրականացներ պլանավորված սպանությունը»։




























