Արևմտյան Գերմանիայի ծերանոցներից մեկում 72-ամյա տղամարդը դանակով հարձակվել է խնամյալների վրա։ Կատարվածի հետևանքով 86-ամյա կին է զոհվել, ևս երկուսը (81 և 83 տարեկան) ծանր վնասվածքներ են ստացել, ոստիկանությանը հղում անելով հաղորդում է dpa գործակալությունը։ Տուժածներից մեկի կյանքին վտանգ է սպառնում։ Երեք կանայք էլ բնակվում էին Դորտմունդի մերձակայքում գտնվող Օլֆեն քաղաքի հաստատությունում։
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ ծերանոցի ճաշարանում։ 86-ամյա տարեց կինը տեղում մահացել է։ Տղամարդը դանակով հարձակվել է նաև մյուս բնակիչների վրա։
Կասկածյալը, որը նույնպես ապրում էր այդ կենտրոնում, ձերբակալվել է առանց դիմադրության։ Կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով սպանությունների հետաքննության հատուկ խումբ է ձևավորվել։
Bild պարբերականի փոխանցմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել St. Vitus-Stift տարեցների տանը։ Երեկոյան շենքի մոտ վայրէջք են կատարել բժշկական երկու ուղղաթիռներ, դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության մեծաթիվ ուժեր։
Հաստատության տնօրինության տվյալներով՝ St. Vitus-Stift կենտրոնում ապրում է առողջական խնդիրների պատճառով մշտական խնամքի ու օգնության կարիք ունեցող 77 տարեց։ Բացի այդ, համալիրն ունի աջակցությամբ ինքնուրույն բնակության համար հարմարեցված 36 բնակարան, ինչպես նաև առանձնացված խմբեր՝ դեմենցիա ունեցող տարեցների համար։
Կենտրոնը գտնվում է Օլֆենի քաղաքապետարանի ենթակայության տակ։




























