Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանի կողմից` իր հաշվեցուցակային զենքի պահպանության պարտականությունը ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հայաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել ու հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության` Երևանի վարչության Մաշտոցի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժնի ոստիկան Ա. Հովհաննիսյանը, 2009թ. օգոստոսի 22-ին ծառայություն իրականացնելով Արարատի մարզի Արգավանդ գյուղում գտնվող «Միլան» խաղասրահում, իր ծառայողական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ:
Պարտավոր լինելով իրեն ամրակցված զենքը պահել այնպիսի պայմաններում, որ ապահովվի դրա անվտանգությունը ու բացառվի կողմնակի անձանց ձեռքն ընկնելու հնարավորությունը` չի կատարել դա ու «Մակարով» տեսակի հաշվեցուցակային ատրճանակը` փամփուշտներով լիցքավորված պահունակով, մոռացել է խաղասրահի զուգարանում, որն էլ անհայտ անձը հափշտակել է:
Քրեական գործից Ա. Հովհաննիսյանի մասն անջատվել է առանձին վարույթ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Զենքը հափշտակող անձի վերաբերյալ մասն ուղարկվել է ոստիկանություն՝ նախաքննությունը շարունակելու:



























