«Elbit Systems» ընկերությունը EXTRA-MR հրթիռներ և PULS արձակման կայանքներ կմատակարարի Իսրայելի և պատվիրատու երկրի պաշտպանության նախարարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում։ Աղբյուրները «Globes» պարբերականին հայտնել են, որ խոսքն Ադրբեջանի մասին է։

Իսրայելական «Elbit Systems»-ը (TASE: ESLT; Nasdaq: ESLT) այսօր հայտարարել է եվրոպական պատվիրատուի հետ 235 մլն դոլարի պայմանագիր կնքելու մասին, որով նախատեսվում է մատակարարել միջին հեռահարության EXTRA-MR հրթիռներ և PULS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Երեք տարվա համար նախատեսված պայմանագիրը կնքվել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ստորագրված միջկառավարական համաձայնագրի շրջանակում։

«Globes»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ պատվիրատու երկիրն Ադրբեջանն է։

Պայմանագրով «Elbit»-ը կմատակարարի սեփական մշակման գերձայնային EXTRA միջին հեռահարության հրթիռային համակարգեր։ Համաձայնագիրը ներառում է նաև PULS արձակման կայանքների ու ռեակտիվ հրետանու լրացուցիչ հարթակների տրամադրում, ինչպես նաև համալիր նյութատեխնիկական սպասարկում։

EXTRA-MR-ը գերճշգրիտ կառավարվող հրթիռ է, որը նախատեսված է միջին հեռավորության վրա մարտական խնդիրներ կատարելու համար և թույլ է տալիս մինչև 80 կմ շառավղով դիպուկ հարվածներ հասցնել հակառակորդի թիրախներին։ Այն լիովին համատեղելի է «Elbit Systems»-ի PULS հարթակի, ինչպես նաև կառավարման, կապի, համակարգչային ու հետախուզական գործող համակարգերի (C4I) հետ՝ ապահովելով ճկուն և ծախսարդյունավետ լուծումներ բազմաբնույթ մարտական խնդիրների համար։

«Elbit Systems»-ի գլխավոր տնօրեն Բեցալել (Բուցի) Մախլիսը հայտարարել է. «Այս գործարքն էլ ավելի է ամրապնդում «Elbit Systems»-ի՝ որպես ռեակտիվ հրետանային համակարգերի ոլորտում համաշխարհային առաջատարի դիրքերը, և վկայում է մեր առաջադեմ հրթիռային համալիրների ու արձակման կայանքների նկատմամբ աճող միջազգային պահանջարկի մասին։

PULS համակարգերն ու գերճշգրիտ հրթիռային համալիրները լավագույններից են իրենց դասում, և դրանց նախապատվություն են տալիս աշխարհի գնալով ավելի մեծ թվով պատվիրատուներ, այդ թվում՝ եվրոպական երկրներն ու ՆԱՏՕ-ի անդամ պետությունները։ Մենք շարունակում ենք մատակարարել առաջադեմ օպերատիվ լուծումներ, որոնք բավարարում են մեր պատվիրատուների պաշտպանական փոփոխվող կարիքները»։

Վերջին շրջանում ակտիվացել է Իսրայելի և Ադրբեջանի ռազմարդյունաբերական համագործակցությունը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ հայտնել էր «Globes»-ը, իսրայելական «Ari Arms» ընկերությունը վերջերս Ադրբեջանում հրացանների արտադրության գործարան է բացել։ Բացման արարողությանը ներկա են եղել նախագահ Իլհամ Ալիևը և նրա տիկինը՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։ Երկրում իր տեսակի մեջ առաջին այս միջոցառմանը մասնակցել են նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև «Ari Arms»-ի սեփականատերեր Ավիհայ Ստոլերոն, Ռավիդ Անկոնինան և Օրեն Անկոնինան։

Ադրբեջանի կառավարությանը պատկանող ձեռնարկությունն ընդլայնվել է և կդառնա արևմտյան նմուշի M4 հրացաններ արտադրող առաջին գործարանը երկրում, մինչդեռ նախկինում այնտեղ թողարկվում էր միայն Կալաշնիկովի ինքնաձիգի հիմքով զենք։ Արևմտյան նմուշի հրացաններն արտադրվում են համատեղ ձեռնարկության շրջանակում՝ «Ari Arms»-ի, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության (նախարար Վուգար Մուստաֆաևի գլխավորությամբ) և ադրբեջանական «Iglim» գիտաարտադրական ձեռնարկության մասնակցությամբ։

Ադրբեջանական գործարքն արտացոլում է սպառազինության միջազգային շուկայում, հատկապես հրաձգային զենքի ոլորտում նկատվող ավելի լայն միտումը, այն է՝ զարգացնել սեփական արտադրական հզորությունները՝ արտաքին մատակարարներից կախվածությունը նվազեցնելու համար։

Արդեն իսկ համաձայնագրեր կնքելով Ադրբեջանի, Ֆիլիպինների ու Ալբանիայի հետ՝ ընկերությունը պատրաստվում է նոր գործարքների, որոնք ևս կարող են ներառել արտադրության տեղայնացում։

ADEX պաշտպանական ցուցահանդեսի ժամանակ նախարար Մուստաֆաևն Ալիևին և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին է ներկայացրել գործարանում արտադրված M4 հրացանի առաջին նախատիպը, մանրամասներ հայտնել նախագծի մասին և ծանոթացրել արտադրական գործընթացին։

Բացի «Ari Arms»-ից և իսրայելական պաշտպանական խոշոր ընկերություններից, այս տարի ADEX ցուցահանդեսին մասնակցել են նաև «Aeronautics», «Plasan», «UVision», «Bagira» և «BIRD» ընկերությունները։ Իսրայելական զգալի ներկայությամբ մեկ այլ ուշագրավ մասնակից էր «Ondas» ընկերությունը, որը ներկայացնում էր դրա նախագահ և տնօրենների խորհրդի նախագահ, «Մոսադի» նախկին ղեկավար Դեդի Բարնեան։

Սրանք իսրայելական մշակման առաջին տեխնոլոգիաները չեն, որոնք համալրել են Ադրբեջանի զինանոցը։ Բաքուն ձեռք է բերել նաև «Elbit»-ի «Hermes 900» անօդաչու թռչող սարքերը, «Israel Aerospace Industries»-ի «Barak MX» ՀՕՊ համակարգերը, ինչպես նաև համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեցող «Spike» մարտավարական հրթիռները՝ արտադրված «Rafael» ընկերության կողմից։ Վերջին տարիներին Ադրբեջանն այս բոլոր զինատեսակները կիրառել է Հայաստանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում։