Ըստ շրջանառվող լուրերի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ուղեղի արյունազեղման հետևանքով ընկել է կոմայի մեջ և շտապ տեղափոխվել Չինաստանի հիվանդանոցներից մեկը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ սոցցանցերում այս լուրերը սկսել են բուռն տարածվել այն բանից հետո, երբ Կիմ Չեն Ընը դադարել է երևալ հանրությանը. վերջին անգամ նրան տեսել են հոկտեմբերի 11-ին՝ Փհենյանում պաշտպանության թանգարան այցելելիս։
Համացանցի օգտատերերի պնդմամբ՝ նրան տեղափոխել են Պեկինի միացյալ բժշկական քոլեջ, որտեղ անհետաձգելի բուժօգնություն են ցուցաբերել։ Ըստ լուրերի՝ Կիմ Չեն Ընին երկրից դուրս են տարել Փհենյանում որակյալ բուժօգնության բացակայության պատճառով։
Այս տեղեկությունների պաշտոնական որևէ հաստատում դեռևս չկա։ Թերթը նաև հիշեցնում է, որ նման մի դեպք էլ եղել էր 2020 թվականին, երբ նա մի քանի ամիս չէր երևացել, և համացանցում կրկին լուրեր էին պտտվում, թե նա մահացել է։
Մի քանի շաբաթ առաջ Հարավային Կորեայի հետախուզությունը հայտնել էր, որ Կիմ Չեն Ընը տառապում է ծայրահեղ ճարպակալմամբ և թունդ ծխող է։ Հենց այս պատճառով էլ նրա առողջական վիճակը մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում, քանի որ նրա հնարավոր մահը կարող է անկայունություն առաջացնել երկրում և իշխանության փոխանցման լուրջ հարցեր առաջ քաշել։





























