Իրանը սպառնացել է նոր պատերազմի դեպքում հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան արհեստական բանականության կենտրոններին և նոր տեխնոլոգիական հաստատություններին։ Այդ հաստատությունները Թեհրանի հսկողության տակ են, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:
Պատգամավորը շեշտել է, որ արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների մեջ ներդրումները տարածաշրջանում ԱՄՆ-ի առանցքային շահերից են։ Նոր ռազմական հակամարտության դեպքում այդ օբյեկտները հարվածների թիրախներ կդառնան։
«Այս բոլոր շահերն ու կենտրոնները մեր հսկողության տակ են և հնարավոր հաջորդ պատերազմի դեպքում անպայման թիրախներ կդառնան»,- հայտարարել է Բորուջերդին՝ մեկնաբանելով Իրանին ռազմական հարված հասցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին սպառնալիքները։ Նա հավելել է, որ այդ ժամանակ ամերիկացիները կհասկանան, թե ով է եղել հաղթողը, իսկ ով՝ պարտվածը։
Պատգամավորը խոսել է նաև Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԶՉՊ) Իրանի դուրս գալու հնարավորության մասին։ Նա ընդգծել է, որ պայմանագրին մասնակցությունը Թեհրանին պարտավորեցնում է չստեղծել միջուկային ռումբ, իսկ դրանից դուրս գալը կնշանակի հրաժարում այդ պարտավորությունից և անցում նոր փուլի, որը կապված կլինի միջուկային զենքի մշակման հետ։
Բորուջերդին ընդգծել է, որ նման որոշումը կունենա լուրջ քաղաքական հետևանքներ և կպահանջի մանրակրկիտ նախապատրաստություն։ Նա նշել է, որ պայմանագրից դուրս գալու որոշումը պատկանում է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի իրավասությանը։ Միևնույն ժամանակ պատգամավորը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հնարավորությունն անվանել է քաղաքական ճնշման գործիք, որը Թեհրանը պետք է հաշվի առնի իր ռազմավարության մեջ։
Մեկնաբանելով Իրանի յոթ պայմաններին Վաշինգտոնի պատասխանը՝ Բորուջերդին հայտարարել է, որ, որքան իրեն հայտնի է, ԱՄՆ-ն ընդունել է այդ պայմանները, սակայն նաև առաջադրել է սեփական պահանջները։ Դրանց բովանդակության մասին նա հստակ տեղեկություններ չունի, սակայն ենթադրել է, որ դրանք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին, մասնավորապես՝ 60%-ով հարստացված նյութին և այդ պաշարների հնարավոր փոխանցմանը կամ նոսրացմանը։
Պատգամավորի կարծիքով՝ ԱՄՆ-ը ստիպված կլինի ընդունել Թեհրանի պահանջները, քանի որ Վաշինգտոնը շահագրգռված է Պարսից ծոցի արաբական երկրներում իր դիրքերի պահպանմամբ։ Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ Իրանը ԱՄՆ-ին թույլ չի տա վերականգնել տարածաշրջանում նախկին ռազմական և քաղաքական ներկայությունը։
Բորուջերդին հայտարարել է նաև, որ Իրանը մտադիր չէ անցնել Չինաստանի և Ռուսաստանի միջուկային կամ այլ պաշտպանական «հովանոցի» տակ։ Նա ընդգծել է, որ նույնիսկ բարեկամ երկրները չպետք է դառնան Իսլամական Հանրապետության անվտանգության երաշխավորներ։





























