Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Բելառուսի երկու քաղաքացու, որոնք կասկածվում են երկրի հարավում Ռուսաստանի շահերից բխող դիվերսիաներ նախապատրաստելու մեջ։
Ըստ Der Spiegel հանդեսի՝ անվտանգության ոլորտի աղբյուրներին հղումով հրապարակած տեղեկությունների՝ տղամարդիկ ծրագրում էին հրկիզումներ իրականացնել երկաթգծի և էլեկտրահաղորդման գծի մոտակայքում։
Կասկածյալները 39 և 50 տարեկան են։ Ինչպես հայտնում է պարբերականը, նրանք հոկտեմբերի սկզբից կալանքի տակ են։ Մյունխենի դատախազության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել գործը։
Ռումինիայի իրավապահ մարմինները նույնպես հետաքննում են ձերբակալվածների հնարավոր առնչությունը սեպտեմբերի 14-ի գիշերը Բրաշով քաղաքում արդյունաբերական համալիրի հրկիզմանը։ Դրա տարածքում գործում է պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություն, որն արտադրում է նռնականետեր և զինամթերք։
Կազմակերպված հանցավորության գործերով քննություն իրականացնող Ռումինիայի դատախազները հայտնել են, որ մտադիր են հասնել Գերմանիայում ձերբակալված երկու կասկածյալների, ինչպես նաև Լեհաստանում ձերբակալված Ուկրաինայի քաղաքացու արտահանձնմանը։ Երեքն էլ կասկածվում են Բրաշովում հրկիզմանն առնչություն ունենալու մեջ։
Գերմանիայի իշխանությունները դեռևս չեն հրապարակել ենթադրյալ դիվերսիոն ծրագրի մանրամասները։ Մոսկվան բազմիցս հերքել է դիվերսիոն հարձակումներ կազմակերպելու վերաբերյալ Գերմանիայի և այլ երկրների մեղադրանքները։





























