Մերձավոր Արևելքում ծավալված հակամարտության ֆոնին համաշխարհային առանձին շուկաներում դիզելային վառելիքի պաշարները կրճատվել են՝ հասնելով վերջին 35 տարվա սեզոնային նվազագույն ցուցանիշներին։ Այս մասին նոյեմբերի 2-ին ADIPEC 2026 միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) ղեկավար Սուլթան բեն Ահմեդ ալ-Ջաբերը։
«Հորմուզի նեղուցի կոլապսից ի վեր որոշ շուկաներում դիզելային վառելիքի պաշարները գտնվում են ընթացիկ սեզոնի համար 35-ամյա նվազագույն մակարդակում», — հայտնել է նա (տեսագրությունը հասանելի է DWS News յութուբյան ալիքում)։
ADNOC-ի ղեկավարի խոսքով՝ Հորմուզի նեղուցով նավարկության խաթարումը հանգեցրել է նաև այլ շուկաներում հեղուկացված բնական գազի պակասի։ Բացի այդ, էներգակիրների մատակարարման ընդհատումները շուկայի մասնակիցներին ստիպել են ակտիվորեն օգտագործել նավթի կուտակված պաշարները։
Ալ-Ջաբերը պարզաբանել է, որ նեղուցով փոխադրումների հետ կապված խնդիրների ի հայտ գալու պահից ի վեր նավթի համաշխարհային պաշարները կրճատվել են գրեթե 1 մլրդ բարելով։ Միաժամանակ զգալիորեն աճել են հումքի փոխադրման ծախսերը։
Ինչպես նշել է ընկերության ղեկավարը, մինչև Իրանի հետ հակամարտության սկիզբը լոգիստիկ ծախսերը կազմում էին մեկ բարել նավթի արժեքի շուրջ 5 տոկոսը։ Նավարկության խաթարումից հետո այդ ցուցանիշն աճել է մինչև 30 տոկոս։





























