ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը 2028 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ փորձում է իր կողմը գրավել Դոնալդ Թրամփի այն աջակիցներին, որոնք դժգոհ են ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականությունից։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, Վենսը X-ում Իրանի հետ պատերազմն անվանել էր Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտության պատճառը։ Fox News-ի գնահատմամբ՝ փոխնախագահն այդպիսով ցույց է տվել, որ արտաքին քաղաքականության և Իսրայելի հետ ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ իր հայացքները տարբերվում են Թրամփի դիրքորոշումից։ Վենսը հրապարակման մեջ նաև թվարկել է չորս կետ, որոնք, ըստ հարցումների, կարող էին օգնել հանրապետականներին վերականգնել բնակչության աջակցությունը՝ Իրանի հետ պատերազմի ավարտը, կենսապահովման ծախսերի նվազեցման և գնաճի դեմ պայքարի վրա կենտրոնանալը, «Ամերիկան՝ ամենից առաջ» սկզբունքին հետևելը և հրեական պետության հետ հարաբերությունների վերանայումը։ Հեռուստաալիքի՝ ամերիկյան վարչակազմում ունեցած աղբյուրը հայտարարել է, որ այս չորս կետերը կարելի է համարել Վենսի կոչը՝ ուղղված «նոր աջերին», որոնց կարելի է բնութագրել որպես Թրամփի սկզբնական՝ «Ամերիկան՝ ամենից առաջ» սկզբունքին և արտասահմանյան հակամարտություններին մասնակցելուց հրաժարվելուն աջակցող հանրապետականների կոալիցիա։

Միաժամանակ Fox News-ի աղբյուրը նշել է, որ Վենսի հայտարարությունը չի կարելի համարել Թրամփի հետ հարաբերությունների խզում։ Ըստ աղբյուրի՝ փոխնախագահը ցանկանում է ազդակ ուղարկել այն հանրապետականներին, որոնք աջակցում են Թրամփին, բայց համաձայն չեն նրա արտաքին քաղաքականության հետ։ Հեռուստաալիքի ձևակերպմամբ՝ այդ ուղերձը հետևյալն է. «Վենսը մեր մարդն է»։