«Dell» ընկերությունը ընդլայնում է հայաստանյան շուկայում իր ներկայությունը։ Այս մասին դեկտեմբերի 17-ին Երեւանում տեղի ունեցած «Նոր սերնդի կորպորատիվ համակարգեր» համաժողովում հայտարարեց «Dell» ընկերության ԱՊՀ կոմերցիոն թիմի ղեկավար Անտոն Պոլսկին՝ ավելացնելով, որ ընկերության համար Հայաստանի շուկան տարածաշրջանում կարեւորներից մեկն է։ Ըստ նրա՝ Dell-ը նախատեսում է, որ Հայաստանում կիրացվեն հատկապես ընկերության արտադրած սերվերային բաղադրիչները։ «Մենք ծրագրում ենք նաեւ մասնակցել կառավարության հռչակած „Համակարգիչ բոլորի համար“ սոցիալական ծրագրին»,- լրագրողներին տեղեկացրեց Ա. Պոլսկին՝ ավելացնելով, որ Հայաստանում չեն նախատեսում հատուկ գնային քաղաքականություն իրականացնել։ Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ արտադրանքի վաճառքը կիրականացնեն իրենց հայաստանյան գործընկերները, սպասարկման կենտրոններն էլ ստեղծվելու են գործընկերների միջոցով։ Ա.Պոլսկու խոսքով՝ ճգնաժամը մեծ ազդեցություն չի ունեցել ընկերության վրա։ «Տարվա կտրվածքով սերվերային բաղադրիչների եւ սարքավորումների վաճառքն ավելացել է 15 տոկոսով»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում ընդլայնված ներկայություն ապահովելուց հետո վաճառքի 50 տոկոս աճ են կանխատեսում։